Այսօր մեկնարկելիք ԱԺ աշնանային նստաշրջանը միանգամից սկսվելու է Սահմանադրության նախագծի քննարկումներով, որոնք ներկայացնելու է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը: Չնայած նախագահ Սարգսյանը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների մեծ մասի և նաև խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, սակայն, մեծ հաշվով, դեռևս հստակություն չկա, թե ինչպիսի վարքագիծ կդրսևորեն այդ քաղաքական ուժերի մի մասը Սահմանադրության նախագծի քննարկումների և քվեարկության ժամանակ:
Հստակ է միայն, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կողմ են սահմանադրական փոփոխություններին, իսկ ՀԱԿ խմբակցությանը մաս կազմող ՀԱԿ կուսակցության երեք անդամները և խմբակցության անդամ՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը դեմ են այդ փոփոխություններին: Սահմանադրության նախագծին հստակ կողմ է արտահայտվել ՄԱԿ կուսակցության նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, իսկ ԲՀԿ խմբակցության մեկ այլ անդամ՝ Վարդան Օսկանյանը, 10 պատճառ է ներկայացրել, թե ինչու պետք է դեմ լինել Սահմանադրությանը: Մյուս խմբակցություների հարցով բացարձակ անորոշություն է:
ԲՀԿ խմբակցության այն անդամները, ովքեր շարունակում են մնալ կուսակցության մեջ՝ ընդամենը հայտարարել են, որ իրենք չեն միանալու «Ո՛չ»-ի քարոզչությանը: Բայց «ոչ» չլինելը դեռ չի նշանակում «այո» ասել սահմանադրական փոփոխություններին: Այս իմաստով ԲՀԿ-ն ընկել է իր իսկ լարած թակարդը և չգիտե, թե ինչպես դուրս գալ այնտեղից:
Այս կուսակցությունը մինչև Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալը դեմ էր սահմանադրական փոփոխություններին, քանի որ Ծաուկյանը ցանկանում էր նախագահ դառնալ: Հիմա այս կուսակցությունը ուզում է «այո» ասել Սահմանադրության նախագծին, սակայն այդքան համարձակություն չունի՝ վախենալով, որ իրեն կմեղադրեն իր նախկին համոզմունքներին դավաճանելու համար: Իսկ նախկին համոզմունքն այն էր, որ Սահմանադրությունը փոփոխվում է հանուն վերարտադրության, իսկ իրենք դեմ են վերարտադրությանը: Չնայած ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը արդեն հայտարարել է, որ վերարտադրության հետ կապված իրենց մտահոգությունները փարատված են, բայց միևնույն է՝ այնքան համարձակություն չունի հայտարարելու, որ կողմ են փոփոխություններին:
Այնպես որ, պետք չէ սպասել, որ այսօր սկսվելիք քննարկումների ժամանակ ԲՀԿ-ն կհստակեցնի իր դիրքորոշումը, այս կուսակցությունը կձգի մինչև վերջին պահը, մինչև հոկտեմբերի 5-ի հերթական քառօրյա, և միայն այդ ժամանակ թերևս կհայտարարի, որ կուսակցությունը որոշել է կողմ քվեարկել Սահմանադրության նախագծին, քանի որ իրենց կողմից ներկայացված բոլոր առաջարկները ընդունվել են, և փարատվել են բոլոր այն մտահոգությունները, որոնք կային Սահմանադրության նախագծի նախնական տեքստի հրապարակումից հետո:
Գրեթե նույն վիճակում է նաև ՕԵԿ-ը, որը մինչև նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, հայտարարում էր, որ իրենք դեմ են սահմանադրական փոփոխություններին, իսկ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նույնիսկ բացառում էր, որ իրենք կգնան նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդպելու: «Գնանք, որ ինչ անենք»,- ասել էր Հովհաննես Մարգարյանը: Բայց, ի վերջո, գնաց, և դրանից հետո ՕԵԿ դիրքորոշումը ևս դարձավ անհասկանալի: Ինչպես հայտնի է, ՕԵԿ-ը պայման էր դրել, որ Սահմանադրության նախագծում ֆիքսվի, որ հանրապետության նախագահը հանդիսանում է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, և պատրաստ էր այդ դեպքում պաշտպանել սահմանադրական փոփոխությունները՝ այն հույսով, որ նախագահի պաշտոնը բաժին կհասնի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին:
Բայց ներկայացված նախագծով նախագահին թողնված են զուտ արարողակարգային լիազորություններ, և եթե Արթուր Բաղդասարյանը դառնա էլ նախագահ, ապա նրա ազդեցությունը երկրի քաղաքական և իշխանական կյանքում ավելին չի լինի նրանից, ինչ որ էր նրա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար եղած ժամանակահատվածում:
Այնպես որ, ՕԵԿ-ից ևս հստակ դիրքորոշում սպասել պետք չէ, և այս կուսակցությունը ևս կձգի մինչև խորհրդարանի հաջորդ քառօրյա: Իշխանության հետ առևտուրը շարունակվում է, և ՕԵԿ դիրքորոշումը կախված է այդ առևտրի արդյունքներից:
Չորսհոգանոց «Ժառանգություն» խմբակցությունում առկա է հնարավոր բոլոր երեք տարբերակներն էլ: Ամենայն հավանականությամբ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և Ալեքսանդր Արզումանյանը կողմ կքվեարկեն փոփոխություններին, իսկ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը չի մասնակցի քվեարկությանը, որպեսզի դեմ չքվեարկի նախագծին: Հակոբյանը համարում է, որ նախագիծը բավականին հաջողված է, և նույնիսկ մի առիթով ասել է, որ այն շատ մեծ համընկնումներ ունի Սահմանադրության այն նախագծի հետ, որը 1995թ. Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ներկայացրել էր ընդդիմադիր վեցյակը, սակայն Տեր-Պետրոսյանի իշխանության ներկայացրած նախագիծը ակնհայտ կեղծիքներով հաղթող ճանաչվեց: Բայց Հակոբյանը չի կարող կողմ արտահայտվել այդ նախագծին, քանի որ «Ժառանգություն» կուսակցությունը, որի անդամ է ինքը, դեմ է փոփոխություններին: Սահմանադրության նախագծին դեմ կարող է քվեարկել Զարուհի Փոստանջյանը:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացած ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ևս առայժմ չի շտապում «այո» կամ «ոչ» ասել Սահմանադրության նախագծին: Լ. Սարգսյանը նախագահ Սարգսյանի հետ հանդիպումից հետո կարծես թե գոհ է եղել դրա արդյունքներից, ինչը նշանակում է, որ պետք է կողմ լինի փոփոխություններին, բայց Սարգսյանը ևս երևի վախենում է իր նախկին դաշնակիցների՝ ՀԱԿ-ի արձագանքից, որոնք նունիսկ սպառնում են, որ կպահանջեն, Սարգսյանից վայր դնել պատգամավորական մանդատը, որի համար որևէ իրավական հիմք, բնականաբար, չկա:
Բոլորի մտատանջություններն ու մտավախությունները, սակայն, չեն կարող երկար տևել, քանի որ Սահմանադրության նախագծի քվեարկության օրը արդեն որոշված է՝ հոկտեմբերի 5-ին, և այդ ժամանակ բոլորը պարտավորված կլինեն հստակեցնել իրենց դիրքորոշումը՝ անկախ իրենց ունեցած վախերից և նախապաշարմունքներից:










































