Չի բացառվում, որ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելի Հոկտեմբերի 27-ի ոճրագործ, ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց մարդու իրավունքների պաշտպան Պ Կարեն Անդրեասյանի մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:
Անդրադառնալով ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի ավելի վաղ հայտնած մտավախությանը, թե առաջիկայում հնարավոր է իշխանություններն ազատվեն Նաիրի Հունանյանից՝ նա ասաց, որ ՄԻՊ արագ արձագանքման խումբը ոչ միայն ահազանգերով է առաջնորդվում, այլև սեփական նախաձեռնությամբ հաճախ այցեր է կազմակերպում քրեակատարողական հիմնարկներ: Ուստի, նրա խոսքերով, հնարավոր է վաղը ՄԻՊ արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները ծանոթանան Գուրգեն Եղիազարյանի հայտարարությանը, թե հնարավոր է Նաիրի Հունանյանին քրեակատարողական հիմնարկում վերացնեն ու այցելեն նրան: Ն. Կարմիրշալյանն ասաց, որ հնարավոր է նաև զանգով փորձեն պարզել դատապարտյալի անվտանգությունը: Թե ինչ ընթացք կտրվի ԱԱԾ պետի նախկին տեղակալի հայտարարությանն, ըստ ՄԻՊ խոսնակի, պարզ կլինի վաղը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՍԴՀԿ անդամ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը մտավախություն էր հայտնել, որ առաջիկայում իշխանությունները Նաիրի Հունանյանից կազատվեն: Ըստ նրա՝ չի բացառվում, որ Նաիրիին քրեակատարողական հիմնարկում վերացնեն: Նա իր այս հայտարարությունը բացատրել էր իր սեփական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանբ:
««Երևան» քրեակատարողական հիմնարկը գտնվում է ԱԱԾ-ի առաջին հարկում: Անվտանգությունն ունի մի քանի խցեր, բայց հիմնական խցերը գտնվում են արդարադատության նախարարության ենթակայության ներքո: 2008-ի հունվարի 5-13-ը ընկած ժամանակահատվածում կեսգիշերին մոտ երկու արկղ օղի են բերում «Երևան» քրեակատարողական հիմնարկ, բաց են անում խցի դռները, թե եկեք խմեք: Դուք պատկերացնո՞ւմ եք` այնտեղ մենակ 3 հոգի նստած էին` սպանության համար: Այդ թվում` երկու լրջագույն կիլլերներ: Երբ քաղաքացուն զրկում են ազատությունից, 1 նպատակ են հետապնդում` որպեսզի գործով մասնակիցներն իրար հետ չշփվեն և նախաքննությանը թյուրիմացության մեջ չգցեն՝ նախապես ցուցմունքներն իրար հետ համաձայնեցնելով: Բայց իշխանությունները բաց են անում դռները, որ բոլոր հանցագործները դուրս գան խցերից` շուրջ 50 մարդ: Իրենց անվտանգության շենքից բաժանում է 1 դուռ: Նրանք գնում-գալիս են, շատ հանգիստ կարող էին գրավել շենքը: Մարդասպանության հոդվածներով նստած մարդիկ են այնտեղ: Այդ թվում նաև ծանրագույն հոդվածներով ձերբակալվածներ, որոնք ամեն ինչի ընդունակ էին»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել էր Գուրգեն Եղիազարյանը:
Վերջինս նաև նշել էր, որ այն ժամանակ առջևում ընտրություններ էին, և իշխանությունները չգիտեին, թե ինչով կավարտվեն դրանք, ուստի ուզում էին բաց անել դուռը, որ Նաիրի Հունանյանին կախեին:









































