Լիբիան դիմել է Եգիպտոսին տապալված լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆիի հորեղբոր որդու ֆինանսական հաշիվները սառեցնելու խնդրանքով: Ինտերպոլի կողմից հետախուզվող Ահմեդ Քադաֆ Ալ-Դամին մարտի 19-ին ձերբակալել էին Կահիրեի իր տանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նրան Տրիպոլի հանձնելու մասին խոսք առայժմ չկա: Նրա ձերբակալման օրդերը կլրանա ապրիլի 18-ին:
Ներկայում նա գտնվում է Կահիրեի մոտ գտնվող «Տորա» բանտում, որտեղ պահվել են եգիպտական նախկին ռեժիմի առանցքային գործիչները՝ ներառյալ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ու նրա որդիները:
Կալանավորվել են նաև Կահիրեում Լիբիայի նախկին դեսպան Ալի Մարիան և Ջամահիրիայի նախկին իշխանությունների մի շարք այլ ներկայացուցիչներ: Նրանք բոլորը մեղադրվում են հայրենիքում ֆինանսական չարաշահումների մեջ:
Երեկ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հայտարարել էր Լիբիա Ալի Լարիային և այլոց արտահանձնելու մասին, որով կզբաղվի Ինտերպոլը:







































