Սևանա լճից անցյալ տարի նախատեսված 170 մլն խ/մ-ի փոխարեն ԱԺ որոշմամբ բաց է թողնվել երկու անգամ ավելի՝ 340 մլն խ/մ ջուր: Ինչպես ամրագրված էր որոշման մեջ, ջրի բաց թողումը կապված էր չորային տարվա հետ, ջուրն օգտագործվելու էր ոռոգման նպատակով:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք կտրուկ դեմ են Սևանը նման տատանումների ենթարկելուն, քանի որ ջրի մակարդակի կտրուկ բարձրացմամբ վնասվում է լճի ավազանի կենսամակարդակը. «Սա ամրագրված է նաև «Սևանի մասին» ՀՀ օրենքում, և հույս ունենք, որ այս տարի լճից արտահոսք կլինի սահմանված չափով»: Նա նշեց, որ Սևանի դիրքից ելնելով՝ ջրի մակարդակի անկումը կանդրադառնա նաև ստորգետնյա ջրային ավազանների և գետերի վրա. «Մենք Սևանը պետք է աչքի լույսի պես պահեք, որովհետև լիճը շատ հազվագյուտ բարձրադիր գոտում է և քաղցրահամ ջրի մեծ պաշար ունի, որը ոչ միայն ՀՀ-ի, այև Անդրկովկասի համար ոռոգման և խմելու ջրի աղբյուր է»:
Ջրաբանին հուզում է նաև Սևան թափվող կեղտաջրերի հարցը: Նա հուսով է, որ այժմ կառուցվող մաքրման կայանները կնպաստեն լճի ջրհավաք ավազան թափվող կեղտաջրերի հեռացմանը. «Ափսոս, որ դրանք միայն մեխանիկական մաքրում են իրագործելու, մենք էլի չենք ազատվի կենսաբանական աղտոտվածությունից»:
Նշենք, որ տարեկան Սևանա լիճ է թափվում 170 մլն խ/մ ջուր, որն էլ հենց բաց է թողնվում Սևանից՝ ոռոգման նպատակով: Դրանից ավելին օրենքով արգելված է, քանի որ էլեկտրաէներգիա ստանալու հետևանքով Սևանի մակարդակն իջել է 19.5 մետրով: Լիճը չորացումից փրկեց Արփա-Սևան թունելը, որի միջոցով Կեչուտի ջրամբարից Սևանա լիճ էր թափվում 240 մլն խ/մ մաքուր ջուր:











































