Բրազիլիայի ոստիկանությունը Սանտա-Մարիա քաղաքի Kiss ակումբի հրդեհի գործով, որը խլել է 241 մարդու կյանք, կանխամտածված սպանության մեղադրանք է ներկայացրել 16 կասկածյալների: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով լատինաամերիկյան ԶԼՄ-ները:
Ողբերգությունը տեղի է ունեցել 2013թ. հունվարի վերջին համերգի ժամանակ, որին ներկա է եղել առնվազն հազար մարդ, հիմնականում տեղի համալսարանի ուսանողներ: Հիմնական տարբերակի համաձայն` հրդեհի պատճառը երաժիշտների կողմից օգտագործված պիրոտեխնիկական միջոցներն էին:
Մեղադրյալների թվին են պատկանում ակումբում նվագող խմբի պրոդյուսերը, երգիչը, ակումբի սեփականատերը, կառավարիչը և նրա մայրը:
Հետաքննությունը պարզել է, որ Kiss-ն առնվազն 700 մարդու համար միջոցառում կազմակերպելու արտոնագիր է ունեցել, մինչդեռ ողբերգության օրը ակումբում եղել է ավելի քան 1000 մարդ:
Ընդհանուր առմամբ, պատասխանատվության են ենթարկվել 35 մարդ, որոնք այս կամ այն կերպ կապված են եղել ակումբի աշխատանքի հետ: Ակումբի հրդեհի և մարդկանց մահվան փաստով գործի ընդհանուր ծավալը կազմել է 13 հազար էջ, իսկ հետաքննությունը տևել է 50 օր:








































