Միջուկային թափոններ մշակող «Սելաֆիլդ» բրիտանական համալիրն ուրբաթ օրը դադարեցրել է իր աշխատանքը: Անվտանգության այս միջոցառումը, ինչպես տեղեկացնում է France Press գործակալությունն, իրականացվել է ուժեղ ձնաբքի պատճառով:
BBC-ի տվյալներով՝ մոտակա ժամերին երկրի որոշ շրջաններում 20-40 սմ ձյուն կտեղա: Ուժեղ քամին և ձյունն արդեն հոսանքազրկել են 40 հազար բնակիչների:
«Սելաֆիլդ» միջուկային համալիրը, որն Անգլիայի հյուսիս-արևմուտքում աշխատում է 1940-ականներից, իրականացնում է միջուկային թափոնների և օգտագործված միջուկային վառելիքի վերամշակում: Քաղաքացիական բոլոր հնարավոր բողոքների առիթ հանդիսացած օբյեկտը գտնվում է ուժեղացված հսկողության տակ:










































