Ապրիլի 3-ից մեկնարկող Երևան-Վան-Երևան ուղիղ չվերթը մասնավոր ընկերությունների նախաձեռնություն է, և որևէ միջամտություն չի կարող լինել: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց չվերթի նախաձեռնողներից «Նարեկավանք Տուր» ընկերության համահիմնադիր Արմեն Հովհաննիսյանը, Բաքվում Թուրքիայի դեսպանին ուղղված հարցից հետո, թե ինչու է Թուրքիայի կառավարությունը թույլատրում նման չվերթ, այս հարցն առավել շատ շրջանառության մեջ պահում են հայկական ԶԼՄ-ները: Հովհաննիսյանի խոսքերով՝ թուրքական կողմի պարզաբանումից հետո, թե չվերթն իրականացվում է ոչ թե Թուրքիայի կառավարության, այլ մասնավոր ընկերության կողմից, այժմ կարիք չկա հարցը «թեժ» պահել, և դրա շահարկումը կարող է վնասել նախաձեռնությանը:
«Իսկ այդ չվերթի իրականացումը մեծ նշանակություն ունի երկրի համար»,- նկատեց Ա. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենք մի քանի անգամ կապ են հաստատել թուրք գործընկերների հետ, որոնք հավաստիացրել են, որ ամեն ինչ նորմալ է, և պայմանավորվածությունն ուժի մեջ է:
Միաժամանակ նա բավարար գնահատեց զբոսաշրջիկների հետաքրքրվածությունը չվերթի կապակցությամբ՝ նշելով, որ այն կարող էր ավելի մեծ լինել:
Հիշեցնենք, որ Երևան-Վան-Երևան թռիչքներն իրականացվելու են շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին:









































