Արմավիրի մարզի այժմ արդեն 12 գյուղում հնարավոր է կանխել կարկուտի պատճառած բերքի կորուստը:
2008-2012թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 180 մլն դրամ` Արմավիրի մարզում 28 «Զենիթ» հակակարկտային կայաններ տեղադրելու համար
Կլիմայական պայմանները ոչ միշտ են նպաստավոր Հայաստանի գյուղատնտեսների համար: Ամեն տարի երկրի գյուղատնտեսությունը բերքի զգալի կորուստ է կրում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Կարկուտի հասցրած վնասը կազմում է բնական աղետների պատճառած վնասի մոտ 50 տոկոսը: Կարկտի տեսքով տեղումները հաճախ հանգեցնում են առավել մեծածավալ, իսկ որոշ դեպքերում` նաև բերքի լրիվ կորստի: Այս ամենին գումարվում է նաև վերջին տասնամյակներում արձանագրվող կլիմայական փոփոխությունը, որը հանգեցրել է կարկտային տեղումների սաստկացմանը:
Մշակված հողատարածքները կարկուտից պաշտպանելու ամենաարդյունավետ տարբերակը հակակարկտային կայանների տեղադրումն է: 2012թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ութ միավոր «Զենիթ» հակակարկտային կայան է արտադրվել և տեղադրվել Արմավիրի Քարակերտ, Լեռնագոգ, Շենիկ, Նոր Արտամետ և Արգինա գյուղերում: Բացի այդ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նույն մարզին ևս 15մլն դրամ է հատկացրել` 3 նոր հակակարկտային կայանի տեղադրման համար: Այս անգամ դրանք տեղադրվել են Արևադաշտ և Արաքս գյուղերում: Ընդհանուր առմամբ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ծավալը 2008թ-ին կազմել է 36 մլն դրամ, իսկ 2009 և 2010թթ-ին, համապատասխանաբար` 40 և 44 մլն դրամ: Այս գյուղերի ագարակատերերին քաջ հայտնի է, թե ինչ ծավալի նյութական վնաս կարող է հասցնել կարկուտը:
Հակակարկտային ամբողջ համակարգը ներառում է հատուկ սարքավորումներ, որոնք հայտնաբերում են պոտենցիալ կարկուտ կրող ամպերի կուտակումը, համակարգում են հակակարկտային հրթիռների գործարկումը, ապահովում ավտոմատ սարքավորումների գործարկումը և այլն: «Զենիթ» հակակարկտային կայաններն աշխատում են մեծ ուժգնությամբ ուղղահայաց հարվածային ալիքները դեպի մթնոլորտ տարածելու եղանակով: Այդ ալիքները վնասում են կարկտաբեր ամպերի կառուցվածքը և չեզոքացնում կարկուտի հավանականությունը:
Հակակարկտային կայանի կառավարումն իրականացվում է ավտոմատ կերպով` բջջային ցանցի միջոցով բջջային հեռախոսից SMS հաղորդագրություններ ուղարկելով: Վերջինիս տեխնիկական ապահովումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կապի միջոցներով: Ի դեպ, հեռահաղորդակցության առաջատար օպերատորը հակակարկտային կայանների համար սահմանել է կապի հատուկ սակագին: Կայանի ավտոմատ աշխատանքն ապահովելու համար օգտագործվում է արևային էլեկտրասնուցման համակարգ: Կայանները շատ պարզ և հեշտ են` կիրառման մեջ: Չորրորդ տարին անընդմեջ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցն արդյունավետ կերպով օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով: Նախկինում հակակարկտային համակարգերը վերահսկվում էին կապի անլար ռադիո մոդեմի միջոցով, ինչն այնքան էլ անարդյունավետ չէր:
«Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առաջնային, և, միևնույն ժամանակ, ամենախոցելի ոլորտներից է: Ցավոք, զգալի ժամանակ և ներդրումներ պահանջող բերքը կարող է բնական աղետի հետևանքով ոչնչացվել ընդամենը մի քանի րոպեում: Սա մեծ կորուստ է գյուղացիների համար: Մենք, սակայն, պետք է գիտակցենք, որ այս խնդիրը վերաբերում է յուրաքանչյուրիս, քանի որ բերքի ոչնչացումը մեծ կորուստ է ոչ միայն երկրի տնտեսության, այլև գյուղերի, քաղաքի և առհասարակ`յուրաքանչյուր ընտանիքի համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի իրականացրած այսօրինակ ծրագրերը խոսում են գոյություն ունեցող խնդրի շուրջ մեր ընկերության` համակարգված մոտեցման մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպաստում է Հայաստանում կյանքի առավել լավ որակի ապահովմանը», – արձանագրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ընդհանուր առմամբ, 2008-2012 թվականներին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 180մլնդրամ է տրամադրել 28 հակակարկտային կայանի կառուցման և տեղադրման համար: Գյուղական համայնքներում զգալի այս ներդրումն իրականացնելով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկանում է նվազագույնի հասցնել բերքի կորուստը և օգնել գյուղական համայնքների բնակիչներին` կայուն եկամուտ ստանալու հարցում: Դա անհրաժեշտ է նաև ապագայում կայուն զարգացում գրանցելու համար:
«Զենիթ» հակակարկտային կայանները մշակվել և արտադրվել են «Բարվա» ինովացիոն կենտրոնի կողմից` մտավոր և արդյունաբերական տեղական ռեսուրսների կիրառմամբ:








































