Նյու Յորքի բնագիտության թանգարանում առաջին անգամ բացվել է «Խորությունների հսկաները» ցուցահանդեսը, որը ցուցադրում է կետերի էվոլյուցիոն ուղին, որոնց նախնիներն ապրում էին ցամաքում և ունեին չորս վերջույթ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Ցուցահանդեսի գիտական համակարգող Մայքլ Նովաչեկի խոսքերով` վերջին տարիներին գիտնականները նախկինում անհայտ տեղեկություններ են բացահայտել կետերի մասին:
«Առափնյա գոտիներում բնակվող կետերի որոշ տեսակներ շուրջ 40-55 միլիոն տարի առաջ տեղափոխվել են ջուր: Դրա ապացույցները հայտնաբերվել են Եգիպտոսում, Պակիստանում և նույնիսկ Հյուսիսային Ամերիկայում կան նման օրինակներ»,- ասել է Նովաչեկը:
Կետի առաջին նախատիպ է համարվում պակիցետը (Pakicetus), որն ունեցել է ժամանակակից գայլի չափս: Պակիցետի կմախքը հայտնաբերվել է Պակիստանի տարածքում:
Ցամաքային չորքոտանի կաթնասունների և ժամանակակից կետանմանների անցումային ձև է համարվում ամբուլոցետը (Ambulocetus) կամ «քայլող կետը», որի երկարությունը երեք մետր է, քաշը` մինչև 300 կգ:
Այս և ժամանակակից կետերի մյուս նախատիպերի մնացորդները ներկայացված են թանգարանում:
Բացի այդ, թանգարանի սրահում ցուցադրված է կապույտ կետի ավելի քան 400 կգ մանրակերտը:








































