Ինչպես տեղեկացրել էինք, այսօր դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձ էր արել մուտք գործել Ազգային Ժողովի ընդունարան: Զինված քաղաքացին հարցին, թե ով է ինքը, պատասխանել է՝ Հիսուս Քրիստոսը:
Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող Ազգային անվտանգության պետական պահպանության ծառայության աշխատակցի կողմից հրազեն է գործածվել: Ականատեսների վկայությամբ, հնչել է երկու կրակոց:
Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն Ազգային անվտանգության պետական պահպանության ծառայության աշխատակիցներից մեկը հասցրել է նրան վիրավորել:
Նրան տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորը Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանն է: Նրան հետազոտել են, վիճակը միջին ծանրության է, ազդրի վերին երրորդականի հրազենային միջանցիկ վնասվածք է ստացել:
Այժմ ԱԺ-ում են պետական պահպանության ծառայության աշխատակիցները, որոնք քննչական գործողություններ են կատարում: Տեղում են նաև ԱԱԾ աշխատակիցները: ԱԺ տարածքի այդ մասը ներկայում փակ է:












































