Riataza.com-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ Թուրքիայում բռնությունների էսկալացիայի ֆոնին գնալով ավելի հաճախ են իրականացվում սպանություններ:
«Ոչ միայն ԺԴԿ-ն, այլև ողջ Թուրքիան է ցանկանում խաղաղություն։ Նախագահը նախկինի նման լուռ է մնում խաղաղության հանդեպ։ Կառավարության քաղաքականության գլխավոր դրդապատճառն այն է, որ առաջիկա արտահերթ ընտրություններում ԺԴԿ-ին թույլ չտան հաղթահարել 10 տոկոսանոց ընտրաշեմն ու տեղեր ստանալ խորհրդարանում։
Այդ վտանգավոր քաղաքականությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Նրանք երկիրը ներքաշել են պատերազմի մեջ, և բնականաբար պատասխանատվության կենթարկվեն դրա համար։ Նրանք պետք է հրաժարվեն այսպիսի կարգախոսներից՝ «Մենք կպայքարենք մինչև վերջ» և «Մենք կզոհաբերենք մեր երեխաներին»։ Բոլոր ուժերը պետք է կենտրոնացվեն հրադադարի վրա»,- ասել է նա։











































