Երբ ծագումով հայ Մարկ Մուղալյանը Ամստերդամ-Փարիզ գնացքում տեսել է հրաձիգին, առաջինն է եղել, որ առաջ է նետվել՝ փորձելով խլել մարոկկացուց հրազենը։ Հրաձիգը կրակել է նրա պարանոցին։ Նախկինում ԱՄՆ-ում բնակված, սակայն վերջին շրջանում Ֆրանսիայում հաստատված Սորբոնի պրոֆեսորն արյունահոսելով գետնին է տապալվել։ Նա տեսողական կապ է հաստատել կնոջ հետ՝ ասելով. «Ամեն ինչ վերջացած է»։
«Իսկապես կարծում էի, որ նա կմահանա»,- ասել է նրա կինը՝ Իզաբելա Մուղալյանը, CNN-ի հետ հարցազրույցում։ Նա նշել է, որ ամուսինը մահացած է ձևացել՝ ևս մեկ անգամ կրակի տակ հայտնվելուց խուսափելու համար։
Պրոֆեսորը եղել է գնացքի 5 ուղևորներից մեկը, ովքեր փորձել են զինաթափել հրաձիգին։
Հրաձիգը բավականին լավ զինված է եղել։ «Կարծում էի, որ գնացքում գտնվող բոլորը կմահանան»,- ասել է պրոֆեսորի կինը։ Բարեբախտաբար, ոչ ոք չմահացավ։
Մուղալյանը Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում է, նրան շուտով դուրս կգրեն, և նա կստանա Ֆրանսիայի բարձրագույն պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշանը, որով օրեր առաջ պարգևատրվել էին մյուս 4 հերոսները։
Կինը հարցազրույցում նշել է, որ Մուղալյանին ուղղված կրակոցից հետո ԱՄՆ օդուժի զինծառայող Սպենսեր Սթոունը նետվել է հրաձիգի վրա։ Նա հիշում է ամուսնուն և Սպենսերին իրար կողք արնահոսելիս։
Իզաբելայի խոսքով՝ Սպենսերը մատը դրել է իր ամուսնու վերքի վրա և ասել. «Հե՛յ, ասա՛ ինձ, որտեղի՞ց ես։ Ահա, Վիրջինիայի՞ց ես։ Ես Կարոլինայից եմ։ Ամեն ինչ լավ է լինելու»։
Մուղալյանի կինը կարծում է, որ ամուսինը կմահանար, եթե չլիներ Սպենսերի օգնությունը։











































