Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները չեն ընդունի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու «Ժառանգության» որոշումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Վերջինս նշեց, որ նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը սկսել էր և իրականացնում էր հետընտրական գործընթացներ, որոնք, ըստ իրեն, նպատակ ունեին վերականգնել արդարությունը:
Փորձագետի կարծիքով՝ այն ժամանակվանից էլ արդեն պարզ էր, որ նրա հիմնական նպատակը «նախագահական ընտրություններ» կոչվող միջոցառման հետընտրական գործընթացները սահուն կերպով Երևանի ավագանու ընտրություններին հասցնելն էր: «Օգտվելով այն հանգամանքից, որ ինքը նախագահական ընտրությունների ժամանակ բավականին շատ ձայն է ստացել՝ նպատակ ուներ նաև այդ ձայները կապիտալիզացնել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Այստեղ հնարավոր է խնդիր առաջանա, որովհետև նրան ձայն տված մարդիկ պետք է նրան մեղադրեն այն հարցում, որ նա փաստորեն ի սկզբանե գիտակցելով, որ նախագահական ընտրություններում չի հաղթելու, ուղղակի մասնակցեց այդ ընտրություններին, որպեսզի շատ ձայն ստանա՝ հենց Երևանի ավագանու ընտրություններին օգտագործելու համար այդ ձայները: Այստեղ կարող են անազնիվ միտում տեսնել իր ընտրողներն ու աջակիցները: Սա, իմ համոզմամբ, հաստատ իր համակիրների շրջանում բացասական տրամադրություններ է ստեղծելու, որովհետև նա ասում էր, թե իր նպատակը նախագահական ընտրություններում արդարություն վերականգնելն է, որի համար էլ ինքը տարբեր միջոցառումների է դիմում»,- մեկնաբանեց Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ հիմա պարզվում է, որ այս բոլոր հետընտրական քայլերին Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է մեկ նպատակի համար՝ ժամանակ շահելու և ապրիլի 5-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկին մոտենալու համար:
Հիշեցնենք, որ այսօր «Ազատության» հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչ ուժեր են ընդգրկված Երևանի ավագանու «Ժառանգություն» կուսակցության միասնական՝ «Բարև, Երևան» կոչվող ցուցակում: Ավելի ուշ նույն հրապարակում «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրել էր «Բարև, Երևան» ցուցակը՝ բաղկացած քաղաքական-հասարակական գործիչներից, լրագրողներից, գիտնականներից, ակտիվիստներից:
Լուսանկարը PanARMENIAN Photo-ի









































