Սիրիայի ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ Ալ-Խատիբը կոչ է արել ԱՄՆ-ին և Ռուսաստանին դադարեցնել միջամտությունը սիրիական հակամարտությանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է հասկանան, որ Սիրիան փորձերի համար լաբորատորիա չէ, և դադարեցնեն միջամտությունը նրա գործերին»,- ասել է Ալ-Խատիբն այսօր Անկարայում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպվել է Սոցիալ-տնտեսական հետազոտությունների թուրքական հիմնադրամի կողմից:
Նրա խոսքով՝ աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը արդեն երկու տարի է միջազգային հանրության կողմից մատնված է բախտի քմահաճույքին, և այսօր այն, ինչ կատարվում է Սիրիայում, միջազգային հանրության անգործության հետևանքն է:
Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Ջորջ Սաբրան, որը նույնպես մասնակցում էր կոնֆերանսին, իր հերթին մեղադրել է Ասադի ռեժիմին քիմիական զենքի կիրառման մեջ: «Ռեժիմը քիմիական զենք է կիրառում: Չինաստանը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են հեշտությամբ դրանում համոզվել, եթե հետաքննություն անցկացնեն»,- ընդգծել է նա:










































