Ամերիկյան գաղտնի ծառայությունների գործակալը պատահաբար կրակել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա, երբ 2006 թվականի սեպտեմբերին Իրանի նախագահը այցելել էր Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ասամբլեային: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ այն ժամանակ, երբ ամերիկացի գործակալը հարթափող զենքը տեղավորում էր Ջորջ Բուշ կրտսերի ավտոշարասյան մեքենայում՝ դրա համար նախատեսված հատուկ վայրում, այն պատահաբար կրակել է:
Փամփուշտը թռել է Ահմադինեժադի կողմը, որն այդ պահին InterContinental հյուրանոցի մոտ նստում էր իր մեքենան: Միջադեպը մանրամասնորեն նկարագրվում է Մարկ Էմբինդերի և Դ. Բ. Գրեյդիի Deep State: Inside the Government Secrecy Industry գրքում, որը վաճառքում է հայտնվել ապրիլին:
«Իրանցիները նայեցին մեզ, իսկ մենք նայեցինք իրանցիներին: Գործակալը սկսեց ներողություն խնդրել: Ահմադինեժադը պարզապես շրջվեց ու նստեց մեքենան»,- գրքից մեջբերումներ է կատարում պարբերականը:
Նախագահի վարչակազմը անհանգստացած է եղել իրանցի առաջնորդի հնարավոր արձագանքով և մտավախություն է ունեցել, որ ՄԱԿ-ի ասամբլեայում, որտեղ պիտի քննարկվեր ատոմային ծրագրի պատճառվ նրա երկրի դեմ պատժամիջոցների հարցը, նա կհայտարարի, որ ամերիկյան գաղտնի ծառայությունները փորձել են սպանել իրեն:
Ի զարմանս ԱՄՆ-ի՝ Ահմադինեժադը երբևէ չի հիշատակել այդ միջադեպի մասին:







































