Ծագումով հայ ամերիկացի 51-ամյա պրոֆեսոր Մարկ Մուգալյանը, ով Սորբոնում անգլերեն է դասավանդում, եղել է անցած ուրբաթ Ամստերդամ-Փարիզ գնացքն ահաբեկչությունից փրկողների թվում։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Օգոստոսի 21-ի երեկոյան Ալ-Խազանի անունով տղամարդը, ով զինված է եղել «Կալաշնիկով» ինքնաձիգով, կրակ էր բացել Thalys ճեպընթացում։ Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիսարևելյան Արաս քաղաքից ոչ հեռու։ Միջադեպի հետևանքով 3 մարդ ծանր վնասվածքներ էր ստացել։
Ահաբեկչին վնասազերծել էին գնացքի ուղևորներն անձամբ, այդ թվում՝ 2 ամերիկացի զինծառայողներ, բրիտանացի գործարար Քրիս Նորմանն ու 51-ամյա ամերիկահայ պրոֆեսոր Մարկ Մուգալյանը, որի ինքնությունը պարզվել է միայն հիմա։
«Զինված ահաբեկչին առաջինը վնասազերծելու նետված առեղծվածային հերոսի ինքնությունը բացահայտված է»,- գրում է պարբերականը։
The Telegraph-ի տվյալներով՝ պրոֆեսորն առաջինն է օգնության եկել ֆրանսիացի բանկիրին, որը դիմակայություն է ցուցաբերել ահաբեկչին։ Նա մի կողմ է հրել նրա վրա ուղղված ինքնաձիգը, որից հետո ահաբեկիչը դուրս է բերել ատրճանակն ու կրակել Մարկի պարանոցին։ Րոպեներ անց օգնության են հասել մյուս ուղևորները։
«Նա գործել է բնազդաբար՝ պաշտպանելով իր կնոջը՝ Իզաբելլա Ռիսաչերին, ով նույնպես եղել է Thalys գնացքում»,- գրում է The Telegraph-ը։
Մուգալյանը դեռևս գտնվում է հիվանդանոցում։ Նրա կնոջ խոսքով՝ պրոֆեսորի վիճակն արդեն կայունացել է։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է Մուգալյանին երկրի բարձրագույն պարգև՝ Պատվո Լեգեոնի շքանշան հանձնել նրա ապաքինումից հետո։ Նշենք, որ Մուգալյանը ներկայում բնակվում է Փարիզում, սակայն նախկինում հաստատված է եղել Վիրջինիայում։










































