«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այս անգամ ևս իշխանություններն անցնում են հերթական անօրինական և կեղտոտ գործողություններին: Վերջին օրերին անըդհատ տեղեկություններ ենք ստանում, որոնց համաձայն ինչ-որ մարդիկ, ներկայանալով պետական աշխատող, մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչներից ստորագրություններ են հավաքում, պարտադրելով հոսանքի համար վճարել թանկացված սակագնով, և սպառնում չվճարելու դեպքում հոսանքազրկել:
Ուզում ենք բոլորին հիշեցնել, որ Սարգսյան Սերժի հայտնի հայտարարության մեջ նշված է, որ կառավարությունն իր վրա է վերցնում ամբողջ բեռը և կսուբսիդավորի հոսանքի ավելացրած արժեքը մինչև աուդիտի ավարտը: Այնտեղ ոչ մի խոսք չի գնում փոքր, միջին և խոշոր բիզնեսներին չֆինանսավորելու մասին։ Չնայած, որ արված հայտարարությունը և դրանից հետո բխող գործողությունները հակասում են իրար, մենք համոզված ենք, որ այս ապօրինությունները թույլատրվել են անձամբ Սարգսյան Սերժի կողմից։
«Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում բոլորին չտրվել սպառնալիքների, ոչ մի դեպքում չստորագրել նման փաստաթուղթ: Եթե նման այցելություններ կունենանք, խնդրում ենք շտապ հայտնեք մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին, կարող եք նաև կապ հաստատել մեր կայքի միջոցով` vochtalanin.am, կամ նամակ ուղարկել ֆեյսբուքում «Ոչ թալանին» նախաձեռնության պաշտոնական էջին:








































