Ռուսաստանի տնտեսական զարգաման հարցերով նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ ավելի քան 40 երկիր ցանկանում են ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել, հայտնում է TASS գործակալությունը։ Այս մասին պաշտոնյան ասել է Կուալա-Լամպուրում ընթացող Արևելաասիական գագաթնաժողովի երկրների էկոնոմիկայի նախարարների խորհրդակցությունների ընթացքում։
«Գլոբալ համագործակցությունը կարևոր միտում է։ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանն ու Ղրղըզստանը կազմակերպել են ԵՏՄ և ստեղծել Վիետնամի հետ ազատ առևտրի գոտի։ Ավելի քան 40 երկրներ և միջազգային կազմակերպություններ ցանկություն են հայտնել ԵՏՄ-ի հետ ստեղծել ազատ առևտրի գոտի. դրանց թվում են Ինդոնեզիան, Չինաստանը, Թաիլանդն ու Կամբոջան»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը հետաքրքրված է երկրների միջև համագործակցության ընդլայնմամբ, ինչը կհանգեցնի տարածաշրջանային կապերի ամրապնդմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և ընկերություններին հնարավորություն կտա նոր շուկաներ դուրս գալ։








































