Վրաստանի վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլին չի բացառում Ժնևի բանակցությունների ձևաչափի փոփոխությունը՝ չնայած ասում է, որ Վրաստանի կառավարությունը պետք է տեսնի դրա անհրաժեշտությունը։ Զաքարեիշվիլին այս մասին խոսել է Տարածքային ամբողջականության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի և Կովկասի ու սփյուռքի հարցերով հանձնաժողովի նիստում։
Նրա խոսքերով՝ ձևաչափի փոփոխություն առաջին հերթին պահանջում են աբխազական և օսեթական կողմերը, որպեսզի ինչ-որ կարգավիճակ ստանան:
«Մեր սկզբունքը հետևյալն է. Մենք որոշակի հարցեր ունենք Ժնևյան բանակցությունների ձևաչափի հետ կապված: Տեսնում ենք, որ արդյունքները չեն բավարարում բանակցող կողմերին: Մեզ հետաքրքրում է, թե ինչ կարող է մեզ տալ ձևաչափի փոփոխությունը»,- ասել է Զաքարեիշվիլին:
Նրա խոսքերով՝ նոր կառավարությունը կտրականապես «ոչ» չի ասում, սակայն նախկին իշխանության պես մերժելու պատրվակ չի փնտրում: «Մենք ելքեր ենք փնտրում, որպեսզի ասենք՝ այո: Սակայն «այո»-ն պետք է բխի Վրաստանի շահերից»,- նշել է պետնախարարը:









































