Այսօր Երջանկության միջազգային օրն է, որը աշխարհում նշվում է առաջին անգամ: «Առաջին լրատվական»-ը փորձեց հոգեբան Սամվել Միքայելյանից ճշտել, թե ի վերջո՝ ի՞նչ է երջանկությունը: Մեզ հետ զրույցում հոգեբանը նշեց, որ երջանկությունը շատ անձնային է, և համապարփակ սահմանում տալը դժվար է, անգամ խոշորագույն մտածողները չեն կարողացել դա հստակ սահմանել:
«Եթե որևէ մեկը կարողանա սահմանել, թե ի՞նչ է երջանկությունը, երևի Նոբելյան մրցանակի կարժանանա: Ելնելով մարդկանց ներքին առանձնահատկություններից, մարդ-հասարակություն, մարդ-մարդ հարաբերություններից՝ յուրաքանչյուրը սահմանում է սեփական երջանկության բանաձևը»:
Հոգեբանն ասաց, որ երջանկության համար կան անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ, քանի որ յուրաքանչյուր ոք ինքն է որոշում՝ այդ պայմաններն իրեն բավարարո՞ւմ են, թե՞ ոչ. «Օրինակ՝ հիվանդ մարդը չի կարող երջանիկ լինել, դրա համար նրան անհրաժեշտ է առողջություն: Երջանկության համար անհրաժեշտ պայման է առողջ լինելը, հոգևոր անդորրը, սիրված-գնահատված, միջավայրում ադապտացված լինելը, նաև որոշակի նյութական բարեկեցությունը»:
Սամվել Միքայելյանն ասաց նաև, որ 20-րդ դարում առաջ եկավ կոնսյումերիզմը, որի համաձայն՝ մարդիկ երջանկությունը տեսնում էին սպառողական արժեքների, հատկապես փողի մեջ: Այն արդիական է նաև այսօր:
Հարցին՝ հայ հասարակությունը երջանի՞կ է արդյոք, հոգեբանը պատասխանեց. «Նայե´ք փողոցում քայլող մարդկանց, քանիսի՞ դեմքին է պարզություն, խաղաղություն և ժպիտ: Քանի՞ մարդ է դեմքը խաղաղ քայլում և ժպտում ոչ թե ծնոտի մկաններով, այլ լիարժեք: Եթե ժողովրդի 60 տոկոսի դեմքին դրոշմված է տառապանքի կնիք, ապա այդ ժողովուրդը չի կարող երջանիկ լինել: Ես հիշում եմ՝ վերջերս նույնիսկ մամուլում հրապարակվեց, որ մենք աշխարհի ամենաապերջանիկ հասարակություններից մեկն ենք»:








































