Լիբիայի իշխանությունները պահանջել են Եգիպտոսից անմիջապես հանձնել Մուամմար Քադաֆիի ռեժիմի 36 նախկին պաշտոնյաների, ովքեր այժմ գտնվում են Եգիպտոսի տարածքում։ Նրանց շարքերում է Կահիրեում նախօրեին ձերբակալված՝ Լիբիայի նախկին առաջնորդի զարմիկ Ահմեդ Քադաֆ ադ-Դամը։ Այս մասին լրագրողներին երեքշաբթի օրը հայտնել են եգիպտական գլխավոր դատախազությունից:
«Տրիպոլիի ներկայիս իշխանությունները Եգիպտոսի դատախազությանը ցուցակ են ներկայացրել, որի մեջ ներառված են 36 պաշտոնաթող անձինք, ովքեր Քադաֆիի օրոք պետական բարձր պաշտոններ են զբաղեցրել, և պահանջել են միջոցներ ձեռնարկել նրանց անհապաղ Լիբիա արտաքսման համար»,- ասել է գլխավոր դատախազության ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ Լիբիան պնդում է նաև, որ Կահիրեն արգելի եգիպտական տարածքում Քադաֆիի կողմնակիցների ցանկացած տիպի հանդիպումներն ու խորհրդակցությունները, ինչպես նաև եգիպտական արբանյակային կապի միջոցով նրանց հաղորդումների հեռարձակումը Լիբիա:
Լիբիայի ներկայացրած ցուցակում տեղ է զբաղեցրել նաև Քադաֆիի զարմիկ ադ-Դամը, ով մեղադրվում է նախկին ռեժիմի կողմից իրականացված հանցագործություններին մասնակցելու մեջ:
Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդալլան կարգադրել է արտաքսման համար հիմք հանդիսացող նյութերը ստուգելու նպատակով 30 օրով ձերբակալել ադ-Դամին։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Հարցաքննելուց հետո ադ-Դամին տեղավորել են Կահիրեի բանտերից մեկը:
Մինչդեռ Եգիպտոսում Ինտերպոլի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ միջազգային կազմակերպության «սև ցուցակներում» Քադաֆիի ռեժիմի նախկին 80 պաշտոնյաներ են ներառված, որոնց ձերբակալման թույլտվություններն արդեն ստացվել են: Նրանք մեղադրվում են պետական միջոցները յուրացնելու մեջ:







































