Շատ մարդիկ տարիներ շարունակ պայքարում են ճաղատության դեմ, իսկ բժիշկները մինչ այսօր չեն կարողանում առաջարկել հարյուր տոկոսանոց արդյունավետ միջոց: Սական որոշ մասնագետներ պնդում են, որ սովորական սուրճը կարող է հանդիսանալ արդյունավետ միջոց, հայտնում է Rosbalt-ը:
Դոկտոր Ադոլֆ Քլենկի խոսքերով՝ կոֆեինն ընդունակ է ներթափանցել մազի արմատների մեջ: Ապացուցվել է, որ կոֆեինը հակազդում է տեստոստերոնի էֆեկտին, որը ճնշում է մազերի աճը: Այն հնարավոր է ուղղակի կերպով հասցնել մազարմատներին:
Եթե նկատի ունենանք այն կոֆեինը, որը անցնում է աղեստամոքսային համակարգով, ապա մարդը պետք է օրական խմի 40-50 բաժակ սուրճ: Իսկ այդպիսի չափաքանակը միանշանակ թունավոր է օրգանիզմի համար: Այդ պատճառով կարելի է մազերը ողողել սուրճ պարունակող լուծույթով, որը կկանգնեցնի մազաթափությունը 20 տոկոսով: Ցավոք, եթե մազերն արդեն թափվել են, կոֆեինը չի փրկի, քանի որ մազարմատները մահացել են:











































