Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսօր ըստ էության չհերքեց, որ Վանաձորի «Քիմպրոմ» գործարանը պատկանում է իրեն: Գործարանի սեփականությանը վերաբերող հարցին նա այսպիսի խուսափողական պատասխան տվեց. «Գիտեք, մի քանի օր առաջ էլ կարդացի, որ Ուկրաինայի մետալուրգիայի 70 տոկոսն ինձ է պատկանում: Ընդամենը ուրախ կլինեի»:
Հիշեցնենք, որ վերջերս հրապարակում էր եղել, թե տարիներ առաջ Ա. Մովսիսյանը չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ տարիներ առաջ սեփականաշնորհել էր «Քիմպրոմը», բայց այդպես էլ այնտեղ լուրջ ներդրումներ չի կատարել: Արդյունքում այդ գործարանը մատնվել է պարապուրդի: Հաճախ են հայտարարություններ հնչում, թե՝ «Քիմպրոմ»-ում ներդրումներ են կատարվում, շուտով գործարանը կաշխատի, բայց այդ խոշոր ծրագրերն ավարտվում են հեռուստաեթերում: Այդպիսով Վանաձորի այդ քիմիական հսկան կիսում է Երևանի «Նաիրիտ» գործարանի ճակատագիրը:
Անդրադառնալով «Նաիրիտին»՝ Ա. Մովսիսյանն ասաց, թե գործարանի 90 տոկոս բաժնեմասը կառավարման հանձնելու բանակցությունները կավարտվեն առաջիկա ամսում: Նրա խոսքով՝ այդ նպատակով այժմ քննարկվում է 3 ընկերությունների հայտը, սակայն չմանրամասնեց, թե խոսքը որ ընկերությունների մասին է:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր նաև «Նաիրիտ» գործարանին: Ռուսաստանի հետ մեր երկրի հետագա հարաբերություններին վերաբերող հարցին պատասխանելիս նախագահն ասել էր. «Մենք պետք է հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ունենք մեր գործընկերներից: Հարցը վերաբերում է և՛ գազին, և՛ նոր միջոցներին, և՛ «Նաիրիտին». հարցը բազմաթիվ ենթահարցեր ունի»:
Այսինքն՝ «Նաիրիտի» 90 տոկոս բաժնեմասին տիրանալու հայտով հետաքրքրված է նաև ռուսական կողմը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Հայաստան արտահանվող գազի գնին, Ա. Մովսիսյանն ասաց, թե այս ամռանը բանակցությունները կշարունակվեն, միգուցե աշնանը ավարտվեն: Նախարարի խոսքով՝ ամեն դեպքում գազի գնի թանկացումը վերաբերելու է հաջորդ տարվան: Ա. Մովսիսյանը, սակայն, չցանկացավ մանրամասնել, թե ՌԴ-ն որքան կթանկացնի Հայաստանին վաճառվող գազը:










































