Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Րաֆֆին պետք է կանգ առնի, նա մեզ հասցրել է այն հանգրվանին, որից հետո շատ գործ կա անելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փիլիսոփայության դոկտոր-պրոֆեսոր, քաղաքական-հասարակական գործիչ Լյուդմիլա Հարությունյանը:

– Նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ կես միլիոն ձայն ստացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  առաջնորդը  նախագահական ընտրություններում չառաջադրեց իր թեկնածությունը, ավելին` ԲՀԿ-ն հայտարարություն տարածեց`  որևէ թեկնածուի չսատարելու մասին` ըստ էության իր էլեկտորատին թողնելով անտեր:  Մեկնաբանություններ եղան, որ այդ քայլը քաղաքական հաշվարկի արդյունք էր, և որ Գագիկ Ծառուկյանը պարզապես կոնսերվացրեց իր ձեռքբերումը:  Տիկին Հարությունյան,  քանի որ նախկինում այս հարցին չեք անդրադարձել, հետաքրքիր է, ըստ Ձեզ` ի՞նչ հաշվարկով առաջնորդվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

– Ինչ հաշվարկով առաջնորդվեց ԲՀԿ առաջնորդը` այժմ  արդիական չէ, ես  գնահատում եմ  այն, որ նա չմտավ նախագահական ընտրապայքարի մեջ: Արժևորում եմ իր այդ հրաժարումը:  ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի «տարիք»-ի փաստարկը լուրջ չընդունեցի ` ոչ տարիքն է շատ մեծ, ոչ էլ ներուժն է պակասել,  փաստարկի ետևում առկա էր քաղաքական  իրատես հաշվարկ: ԲՀԿ առաջնորդի դեպքում` բիզնես հաշվարկն  էր  դեր խաղացել,  սեփականությունը ռիսկի չենթարկելու ցանկությունը:

Այսօրվա վերլուծության համար  Էականն  այն է, որ արդեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ զգացվում էր, որ հայ ընտրողը գրեթե ձերբազատվել է  վախից, կարող է գումար վերցնել, սակայն  քվեարկել մեկ ուրիշի օգտին: Այս  փաստը բարոյականության տեսանկյունից գնահատողներին կուզենայի հիշեցնել, որ նախ անբարոյական է մարդու իրավունքը ապրանքի վերածելը և  այն գնելու փորձ կատարելը:  Սակայն մեր վերլուծության համար  կարևորն այն է, որ  այս ընտրություններում  ընտրողները  ապրանքի չվերածեցին  իրենց  ընտրելու իրավունքը: Ընտրողների  մի զգալի մասը  քվեարկեց  առաջնորդվելով  ոչ թե մանր բիզնես անելու  մղումով  և  վախով, այլ  տուրք տալով  ավանդական արժեքներին,  ձայնը տալով  այն թեկնածուին, ով  մարդկանց  նկատմամբ  հարգանք  ցուցաբերեց, բարև տվողին:  Այստեղից առնվազն  երկու եզրակացություն. առաջին`  հաջորդ ընտրություններին ընտրվել ցանկացողները,  գումար շռայլողները  լավ  կմտածեն և հնարավոր է, որ ձեռնպահ  մնան ձայներ գնելու ու մեծ գումարներ ծախսելու միջոցով  ընտրվելու գայթակղությունից:  Երկրորդ`  մարդիկ կարոտ են լավ վերաբերմունքի և  դրականորեն են արձագանքում մարդկային ջերմությանը, նաև տուրք են տալիս ոչ թե բարձր խոսքերին,  այլ իրական գործերին:

Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարը, ճիշտ է, տարբերվում է քաղաքական գործիչների, ընդհանրապես հասարակության կողմից ընկալված քաղաքական գործչի կերպարից, սակայն դա՞  է Րաֆֆիի ֆենոմենընա իր կերպարի շնորհի՞վ ստացավ այդքան ձայն:

– Կարծում եմ` Րաֆֆիի ֆենոմենն ավելի տարողունակ է, բայց այս դեպքում  բարության  արժեքը վերադարձնելու փորձն էր, որ հաջողությամբ պսակվեց: Բացի այդ`  նախընտրական պայքարի ընթացքում Րաֆֆիի մարտավարությունը ճիշտ էր ընտրված, վերջապես  հասկացվել էր, թե ինչի շեշտված կարիքն է զգում հայ ընտրողը: Սակայն ձեռքբերման  հեղինակը միայն Րաֆֆին չէ: Նրա համահեղինակներն են հայաստանյան  հասարակությունը և ընտրողը, քանի որ ընտրողների մի զգալի մասը  չվաճառեց իր ձայնը` տեր կանգնելով երկրին: Ընտրողը զգաց, որ իրենից բան է կախված և  իր ձայնը տվեց  նրան, ով իրեն  բարի վերաբերվեց, ով իրեն մարդատեղ դրեց: Կարծում եմ նաև, որ  բարությունն  էր այն արժեքը, որին կարոտել էր հայ մարդը:  Բայց  նաև  փաստենք, որ իրականում, իշխանության վարչական  ռեսուրսն է աշխատել,  գումարով գործարք կատարելու տխուր ավանդույթը չի գործել, իսկ դա արդեն հասարակության շնորհքն է, հասարակ հայ ընտրողի  շնորհքը,  ով այլևս չի ցանկանում վաճառել իր ձայնը: Այո,  ընտրողը երկար տարիներ վաճառել էր իր ձայնը, սակայն  այս պահին հաստատակամ է  իր ձայնը չվաճառելու հարցում և այդպես էլ  գործում է: Սա է արձանագրման արժանի առաջընթացը: Ըստ իս` ընդդիմադիր  սոցիալական շարժումն է հասունացրել  և ձևավորել  այդ կարևոր սոցիալ-հոգեբանական  և վարքային շրջադարձը: Չթերագնահատենք  նաև նախորդ խորհրդարանական ընտրությունների դերը, քանզի ընտրողները հենց այդ ընտրություններից հետո  հասկացան, որ իրենց քվեներով ընտրված  երեսփոխանները   նստելով խորհրդարանում ոչ մի դրական տեղաշարժ չեն ձևավորում ընտրողի կյանքում, իսկ ստացած 5 հազար դրամի հետքն անգամ չկա:  Ընտրողները հասկացել են, որ ձայնը վաճառելու գործարքը իրենց օգուտ չի բերում: Բնական է, որ նրանք   հակված չեն կրկնելու իրենց սովորական դարձած  անարդյունավետ վարքը,  չէ՞ որ մարդկանց մեծ մասը  չի սիրում  կրկնել  սխալները:  Սակայն  սահմանափակվենք  այսքանով, ընտրությունների որակի և ընտրողի վարքի փոփոխման երևույթը  կարիք ունի ավելի խորը վերլուծության:

Հասարակության շրջանում բավականին հաստատվածհիմնավոր կարծիք կա, որ առանց իշխանության, Սերժ Սարգսյանի ցանկության «Ժառանգության» առաջնորդը չէր կարող ստանալ 37% ձայն, որ նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորված տոկոսային պատկերը իշխանության սցենարն էրՏեսակետ կա, որ իշխանությունը որոշակի ադմինիստրատիվ ռեսուրս գործադրեց հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի: Նույնիսկ  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն օրերս  ասել էր, թե ի պատիվ Սերժ Սարգսյանի  Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան ձայն ստացավ:

– Ոչ, համամիտ չեմ այդ կարծիքի  հետ, նման ձևով  մտածողներն առաջնորդվում են այն թյուր սկզբունքով, որ ամեն ինչ իշխանության ձեռքի գործն է, ժողովուրդը ոչինչ փոխել չի կարող:  Համոզված  եմ, որ այն, ինչ կատարվեց ընտրությունների ընթացքում` կատարվեց, որովհետև  ՀՀ քաղաքացին  փոփոխություն է ցանկանում, իսկ հասարակությունը հասունացել է իր երկրին տեր կանգնելու համար, ըմբռնել է պայքարի անհրաժեշտության գաղափարը ու մասամբ ձերբազատվել է  իր վախից:  Դրան  նպաստել է  տիրող իրավիճակը, աղքատությունը, միգրացիան, սոցիալական արդարության բացակայությունը, դատարանների անգործությունը, բարության  ու  մարդասիրության պակասը: Կառավարող մեքենայի անարդյունավետությունը,   ընդամենը ուղղել է ցասման սլաքը դեպի իշխանություն և հստակեցրել  է սոցիալական պայքարի ուղղությունն ու  մարտավարությունը, հասունացրել  է իշխանությունը փոխելու գաղափարը: Նախագահական ընտրությունները  հասարակության կողմից օգտագործվեցին ընտրությունների միջոցով այդ նպատակն իրագործելու փորձ կատարելու համար:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, այդ մասին խոսելու համար պետք է վերադառնալ ոչ հեռու անցյալին` 90-ականներին, երբ իշխանության եկավ ՀՀ առաջին նախագահը` լիբերալ-ժողովրդավարական կուրսի ջատագով Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա կողմից հաստատված  ռեժիմը սոցիալիզմը կազմաքանդելու  առաքելությամբ էր երևան եկել: Եվ իրոք կարողացավ  կազմաքանդել սոցիալիզմը, սակայն   չկարողացավ ձևավորել ժողովրդավարության հիմնասյուները: Բնականաբար, վրա հասավ  ինստիտուցիոնալ ճգնաժամը, իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, և գործող  ռեժիմը կարծրացման միջոցով փորձեց դուրս գալ  խորացող ինստիտուցիոնալ ճգնաժամից: «Մեր դեմ խաղ չկա»  կարգախոսը հաղթանակած  կարծր  ավտորիտարիզմի նախանշաններից է: Կարծր  ավտորիտարիզմի ռեժիմը` հասավ իր գագաթնակետին Ռոբերտ Քոչարյանի օրոք: Սերժ Սարգսյանի ներդրումը և ամենամեծ հաջողությունն այն է, որ կարծր ավտորիտարիզմից անցում կատարվեց  փափուկ ավտորիտարիզմի: Կարծում եմ`  այսօր կարևոր է տեսնել և  գնահատել մեզանում  տեղի  ունեցած անցումը փափուկ ավտորիտարիզմին,  քանի որ  արդեն ակնառու է հետընթացի վտանգը: Կարծում եմ նաև, որ ռեժիմի փափկացումը և  վախի թանձր մշուշի  ցրումը  օգնեց  կոնսոլիդացնելու ընդդիմադիր զանգվածը, իսկ մեզ տեսնելու  հասարակության նոր որակը: Ընտրություններում ռեժիմն, անշուշտ, օգտագործեց պետական մեքենան, սակայն  այն թուլացած է և չի կարողանում  առաջվա պես  բավարարել  իշխող հին  էլիտայի շահերը: Եթե այս ամենը հաշվի առնենք, ապա այո, Րաֆֆիի հաղթանակը մասամբ Սերժ Սարգսյանի փափուկ ավտորիտարիզմի արգասիքն է, բայց ոչ թե նախագահն  է օգնել, այլ  Րաֆֆին ձայներ է  հավաքել,  Հայաստանում ստեղծված փափուկ ավտորիտարիզմի ռեժիմն է, որ հնարավոր դարձրեց այդպիսի արդյունքը: Րաֆֆին  ավելի է փափկացրել ավտորիտարիզմը,  հիմա էլ է դա անում:

Այսպիսով, Րաֆֆին իր հետևորդներով  և ազատագրված ընտրողներով Ազատության հրապարակում է և առաջնորդում է հայ ավանդական հասարակությունը դեպի արդիականություն:  Ո՞ւր ենք գնալու  այստեղից`  սա է հարցը: Կարծում եմ` այս հարցին պատասխան  տալը այսօր պակաս կարևոր չէ, քան այս հանգրվանին հասնելը:  Իսկ պատասխանը  երկար փնտրել պետք չէ,  քանի որ փափուկ ավտորիտարիզմից դեպի ժողովրդավարություն ուղիղ ճանապարհ է: Գործող նախագահը  չկարողացավ ժողովրդավարական անցումը  հաղթահարել`  հին էլիտայի բեռը ծանր էր: Մնում է հուսալ, որ  մենք կգնանք Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման միջոցով: Վերջինս կարծես թե տեսնում է ժողովրդավարական անցման ճանապարհը,  երկիրը մոտեցել  է  այդ անցման շեմին:  Ուրեմն` Րաֆֆի Հովհաննիսյանն իր առաքելությունը կատարել է,  նա ինքնազոհության գնալով արթնացրել է հասարակությանը:  Հարց է  առաջանում`  ժողովրդին ի՞նչ առաքելություն  է տրվում:  Այս պահին  ժողովուրդն ընդամենը ձայնակցող է, դիտորդ, գործիչ չէ, դեմիուրկ (ստեղծող) չէ:

Նշենք, որ կատարելով իր սեփական առաքելությունը` Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է ժողովրդին գործող մարմին դարձնել: Ազատության հրապարակն օգտագործվում է որպես ժողովրդի նստավայր: Ժողովուրդը, որը սովորել էր ձեռքը վեր պարզել և պահանջել, եկել և բազմել է հրապարակում, և հիմա խնդիր կա, թե ժողովրդին ի՞նչ դեր է տրվելու: Հրապարակում կանգնած  ակտիվ մարդկանց խումբը սպասում  է դեր ստանձնելուն  և այդ դերն իրագործելուն:  Րաֆֆիից  սպասում են առաջարկներ: Կարծում եմ, որ բազում դերեր կան ստանձնելու:  Հասկանալով սա` Րաֆֆին այդ խմբին աճեցնում  է իր հակաբռնության քարոզչությամբ և ոչ բռնի վարքի կանոնների ուսուցմամբ, ժողովրդին բարձրացնում է այդ դերը կատարելու համար:  Այդ խումբն է, որ  ի վիճակի է արգելել հեռուստաալիքներին ցույց տալ տխմար հեռուստասերիալներ, այդ խումբն է, որ կարող  է պահպանել Փակ շուկան,  այդ խումբն է, որ կարող  է կարգի բերել դպրոցը, այդ խումբն է, որ կարող է ցույց տալ գործող «էլիտային», որ նա այլևս ֆունկցիոնալ չէ, որովհետև երկիրը ետ է մղում, ազգի շահը չի պաշտպանում:  Սրանք են այն ոլորտները, որտեղ այդ խումբը կարող է գտնել իր անելիքն ու արձանագրել հաղթանակներ, այդ խումբն է, որ կարող է  ժողովրդավարական անցման լոկոմոտիվի դերը ստանձնել:  Ուրեմն` այդ խումբն արդեն ձևավորվել է, մնում է նրան տալ կարգավիճակ`  ժողովրդավարական փոփոխություններ իրագործողի կարգավիճակ և դեր: Հրապարակում կանգնած ակտիվ մարդկանց խմբին պետք է գործի դնել, այլապես նրանք անընդհատ տեսարաններ կպահանջեն և կձանձրանան:

Այսինքն` կարծում եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գիտակցված գնում է ժողովրդավարական անցմա՞ն:

– Այո, այդպես եմ կարծում: Չնայած նաև տեսնում եմ, որ այս  խաչմերուկից կա մեկ այլ ճանապարհ ևս, ավելի ճիշտ` մեկ այլ արահետ, որը տանում է հետ դեպի կարծր ավտորիտարիզմ: Հասկանալով դա`  արժևորում  եմ Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնազոհությունը, ինքն իրեն զոհում է երկրի ապագայի  համար` նկատելով, որ երկիրը  հասել է սահմանագծին,  պետք է խիզախություն և համառություն  ունենալ   թևակոխելու ժողովրդավարական անցման շեմը,  ուրիշ  ճար չկա:  Ինստիտուցիոնալ փոփոխություն է կատարել, կարծրացած համակարգում  նա ժողովրդի տարրն է ներմուծել:  Հայաստանն անգամ փափուկ ավտորիտարիզմի  պայմաններում ժողովրդի մուտքի համար տեղ չուներ, ժողովուրդը չէր կարող մասնակցել երկրում որոշումների ընդունման գործընթացին: Իմ համոզմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանն իր առաքելությունը  կատարել է, նա ինքնազոհության գնով արթնացրել է  հասարակությանը, ձևավորել է ժողովրդի ատյանը: Րաֆֆին այդ խմբի համար նաև հակաբռնության քարոզչությունն է իրականացնում, ոչ բռնի վարքի կանոններն է սովորեցնում: Ցայսօր  շարունակում է չլուծված մնալ մի հիմնարար հարց. ժողովրդին ի՞նչ առաքելություն է տրվում:  Այլ կերպ ասած` կատարելով իր սեփական առաքելությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը  բախվել է ժողովրդի դերի խնդրին:  Մինչ օրս  ժողովուրդն ընդամենը ձայնակցող է և դիտորդ:

Հրապարակում կանգնած  ակտիվ մարդկանց խումբը սպասում  է իր դերին և այդ դերը ստանձնելուն:  Րաֆֆիից սպասվում են  առաջարկներ: Ըստ իս` կան  բազում դերեր այդ խմբի համար, որոնք կարող են հրապարակում կանգնած ակտիվ մարդկանց    դարձնել գործող մարմին:

Տպավորություն կա, որ Ազատության հրապարակի հարթակում հստակ քաղաքական միտք, համաձայնություն չկաԱզատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների ժամանակ հարթակ բարձրացած գործիչներից շատերը հանդես են գալիս իրենց սեփական ցանկությունների և շահերի դիտանկյունից: Նրանցից ոմանք էլ  առաջ են քաշում իշխանությանը զուգահեռ ինստիտուտներ ձևավորվելու գաղափարըԻ՞նչ եք կարծում` սա շարժումը դեպի փակուղի չի՞ տանի:

– Կրքերը պետք է մի կողմ  դնել, պետք է լուծել հիմնական խնդիրները և իրագործել ռազմավարական նպատակները:  Զուգահեռ իշխանական օղակներ ձևավորելը  նպատակահարմար չէ: Հայաստանը փոքր երկիր է,  յուրաքանչյուր անուն, որը կարտասանվի Ազատության հրապարակի հարթակում որպես պաշտոնյա, կարող է մերժվել:  Շարժումը չպետք է  արժեզրկել պահի թելադրանքով ծնված պոռթկումներով, շարժումն ինքնին  ավելի արժեքավոր է, քան պոռթկումները: Այս պահին Հայաստանում չկա զուգահեռ իշխանություն ձևավորելու իրավիճակ, հնարավորություն և մեխանիզմ: Ուրեմն` պետք չէ գնալ երկիշխանության ստեղծման ճանապարհով,  բացի այն, որ դա առճակատման ճանապարհն է, այն նաև անարդյունավետ է,  արդյունավետ կդառնա այն ժամանակ, երբ  գործող իշխանությունը խարխլվի: Իսկ  գործող իշխանությունը շարունակում է գործել, ուրեմն`  դրան զուգահեռ իշխանության ձևավորման ժամանակը չէ դեռ:  Ավելի արդյունավետ է ճնշում գործադրել  իշխանության նկատմամբ, որպեսզի նա կատարի ժողովրդավարական անցման համար  անհրաժեշտ քայլերը:  Հրապարակում կանգնած մարդկանց խումբը պետք է ծառայի  որպես իշխանության վրա ճնշող ուժ, ոչ թե որպես զուգահեռ իշխանություն ձևավորող ատյան:  Հայաստանում  դա քաոս կստեղծի, իսկ  մեզ քաոս պետք չէ: Ուրեմն`  պետք է մի կողմ դնել  նման հեղափոխական առաջարկները,  բացի այդ` ժամանակից շուտ նման գործելաոճը  կարող է հրահրել նահանջ դեպի կարծր  ավտորիտարիզմ: Մենք չենք կարող  նահանջել, խնդիրների լուծման ճանապարհն է մերը:

Այդ առումով հետաքրքիր է, թե ինչ նկատի ուներ  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, երբ  խոսում էր փոխզիջումների մասին: Մենք հասել ենք դեմոկրատական անցման շեմին, ժողովուրդն էլ պատրաստ է գնալու այդ  մայրուղով: Դրա համար  հերթով պետք է իրականացվեն որոշ քայլեր: Ամենակարևորն այն է, որ փոխզիջումներին պատրաստ այրերը գիտակցեն, որ գործող ռեժիմը  ճգնաժամ է ապրում և եղած ինստիտուցիոնալ կառուցվածքով, քաղաքական տեխնոլոգիաներով ու էլիտայով չի կարող  հաղթահարել  ձևավորված ճգնաժամը: Նրանք պարտավոր են նաև հասկանալու, որ փափուկ ավտորիտարիզմի ճգնաժամից դուրս գալու համար պետք չէ վերադառնալ դեպի կարծր ավտորիտարիզմ, այլ պետք է գնալ փոխզիջման, հասնել արժեքային կոնսենսուսի, պրոցեդուրային կոնսենսուսի և ինստիտուցիոնալ կոնսենսուսի: Մեր երկիրը մեծ արժեք է, դա հասկանալով` նրանք պետք է հայտարարեն, որ  պատրաստ են բանակցությունների  ժողովրդի հետ կոնսենսուսի գալու նպատակով: 

Տիկին Հարությունյան, Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն մի քանի օր է հացադուլի մեջ  էՆախընտրական քարոզարշավի ընթացքում էլ երկարատև հացադուլ էր հայտարարել նախագահի թեկնածուներից մեկը: Հայաստանում հացադուլը որքանո՞վ է քաղաքական պայքարի  արդյունավետ գործիք: Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում  ի՞նչ է սաինքնազոհողությո՞ւն, քաղաքական անզորությո՞ւն, քաղաքական գործչի հուսահատ քա՞յլ, ինչպես շատերը որակեցին:

– Կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այստեղ պետք է կանգ առնի, քանզի մեզ հասցրել է այս հանգրվանին, որից հետո շատ գործ կա անելու: Հայաստանցիները արդեն  մի քանի անգամ մոտեցել են այս հանգրվանին, սակայն առաջ չեն կարողացել գնալ, այսօր պետք է շարունակել:

Անկախ Հայաստանի պատմությունն ունի տապալված շարժման փորձ, որը «հանգուցալուծվեց» խորհրդարանում մի քանի պատգամավորական մանդատով,  2008թ. հասարակությունը զարթոնք ապրեց, թե ինչպես մարեց` բոլորս գիտենք: Այսօր, փաստորեն, դեմ եք  զուգահեռ պետական ինստիտուտների, ատյանների ձևավորմանըդեմ եք հացադուլը շարունակելուն: Ո՞րն է ելքը, ի՞նչ քայլեր պետք է   արվեն, որ հասարակությունը ևս մեկ անգամ հուսահատություն, հիասթափություն չապրի:

– Այդ հարցերն առաջնորդին ուղղված հարցեր են, ես վերլուծաբան եմ, Րաֆֆիին  պետք է ուղղել այդ հարցերը, և դրանով գումարվեք ակնկալիքների այն հեղափոխությանը, որը մեկնարկել է:  Րաֆֆիից բոլորն ինչ-որ բան են սպասում:  Հիմա   ճակատագրականը կոնսենսուսի գալն է:  Լսելով կողմերի առաջարկները` հնարավոր  է  ուրվագծել համաձայնության դաշտի սահմանները: Հեռանկարային  է համաձայնությունը սահմանադրական ժողով հրավիրելու հարցում: 1991թ. մենք սահմանադրական ժողով հրավիրելու ժամանակ և իմաստություն չունեցանք, ֆրանսիական սահմանադրությունը թխեցինք և գնացինք առաջ: Ժամանակը ցույց տվեց, թե որքան սխալ բան ենք արել: Ավելի լավ կլիներ սկսել սահմանադրական ժողովից և սեփական սահմանադրություն ստեղծել: Դրան հաջորդած  երկու տասնամյակը ցույց տվեցին սահմանադրական պլագիատի  կործանիչ վտանգները: Սահմանադրական բարեփոխումները մեզ չեն փրկի, որովհետև սահմանադրական ժողով է պետք, որը կմերձեցնի խմբերի շահերը և ապագա սահմանադրության շուրջ կոնսենսուս կձևավորի:  Իշխանությունն առաջարկել է սահմանադրական հանձնաժողով ձևավորել, բայց մեր աչքում հանձնաժողովը թերագնահատված է, ուստի նպատակահարմար է սահմանադրական ժողովի հրավիրումը, որից  հետո ևս քայլեր կան`  ՀՀ նոր սահմանադրության  ընդունում,  խորհրդարանի ցրում,  դրանից հետո նոր ինստիտուտների ձևավորում, նոր սահմանադրության իրագործում,  սա է ճանապարհը: Կարծում եմ`  քայլերի նման հաջորդականությունն իրապես կփոխի մեր երկիրը,  իսկ որ  այս գործը կպսակվի  հաջողությամբ`  չեմ կասկածում, քանի որ բոլոր կողմերն ակտիվացած են, իսկ հասարակությունը դուրս է եկել թմբիրից:

Ըստ էության հասել ենք մի հանգրվանի, որտեղ բանակցություններն անխուսափելի են, բայց բանակցությունների գնալու համար ընդառաջ քայլեր, ինչու չէ` նաև փոխզիջումներ են պետք: Րաֆֆի Հովհաննիսյանն օրեր առաջ, հայտարարելով հացադուլի մեկնարկի մասին, ասաց, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը երդմնակալության  կգնա իր դիակի վրայով` այն դեպքում, երբ իր հետ երկխոսողի դերում տեսնում է միայն Սերժ Սարգսյանին, ասում է, որ կանսա միայն նրա ասելիքըԿոնսենսուս  տեսնո՞ւմ եք  նման հայտարարության դեպքում:

– Չի կարելի ժխտել այն փաստը, այսօր իրար դեմ են կանգնած Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆին  ասում է, որ սպասում է Սերժ Սարգսյանի ասելիքին` ակնարկելով, որ իր հետ խոսելու համար պետք չէ ուղարկել  մարդկանց, ովքեր դերակատարում չունեն որոշումների ընդունման գործընթացում:  Րաֆֆին գնացել է ինքնազոհողության վերջին աստիճանի, ուստի չի ցանկանում խոսել նրանց հետ, ովքեր որոշում կայացնող չեն:  Բայց հիշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանի հետ Րաֆֆին  խոսեց պարկեշտ ձևով, չնայած  իրավունք ուներ  ասելու, որ բանակցելու  է միայն Սերժ Սարգսյանի հետ:  Այստեղ նրա «իմ դիակի վրայով»  ձևակերպումը շատ մաքսիմալիստական է,  ծայրահեղ, հակասում է  նրա նախորդ բոլոր խաղաղության հորդորներին: Սա պետք է  էմոցիոնալ վրիպակ համարել և դասել ոչ կարևորի շարքին: Այս ձևակերպումը, կարծում եմ, ՍԴ-ի համար էր, ասված էր ՍԴ ականջների համար և ՍԴ-ին սթափեցնելու համար:  Բայց  ՍԴ-ի էտապն անցած է,  հիմա պետք է գնալ բանակցային լուծումների:  Իմ համոզմամբ` հնարավոր է օգտագործել   մաքոքային  դիվանագիտության միջոցների շտեմարանը`  հիշելով, որ  բոլոր այն բախումներում, որտեղ բախվող կողմերը իրար հետ չեն ցանկացել բանակցել,  արդյունքը  ձևավորվել է մաքոքային դիվանագիտության շնորհիվ:

Բայց, եթե հիշում եք, խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ երկխոսություն կայացավ  իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև:   Այլ հարց է, որ այդ երկխոսությունը տապալվեց: Հաշվի առնելով այդ փորձը` ինչո՞ւ եք վստահ, որ այս դեպքում բանակցությունները չեն տապալվի:

– Չեմ հիշում այդ երկխոսության  մանրամասները,  ինչ-որ  բան մտաբերում եմ, բայց այն ժամանակ էլ  ուրվագծված չէր երկխոսության առարկան: Հիմա ավելի լուրջ իրավիճակ է, հասարակությունը փոխակերպվել է և պատրաստ է փոփոխությունների, իշխանությունները փակուղում են և հասկանում են, որ հասարակությանը ետ գցելու հնարավորությունը և իրավունքը չունեն:  Այս դեպքում հստակ երևում է նաև երկխոսության առարկան:  Կարծում եմ, որ իշխանությունն էլ է  դա հասկանում և դեմ չէ, որպեսզի համատեղ ջանքերով հաղթահարվի ժողովրդավարական ուղով ընթանալու առա՞ջ, թե՞ ետ երկընտրանքը,  Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա դիլեման: 

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում