Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Ամիր Հուեսին Զամանի-Նիան հայտարարել է, որ Իրանը մտադիր է ամրապնդել հարևան երկրների հետ իր հարաբերությունները՝ գազ մատակարարելով այդ երկրներին:
«Տարածաշրջանի երկրներ գազ արտահանելը կխորացնի մեր հարևանների հետ հարաբերությունները։ Իրաքը Իրանի բնական գազի պոտենցիալ գնորդ է, և երբ այդ երկրում կկարգավորվի անվտանգության հետ կապված խնդիրը, իրանական գազը կսկսի մատակարարվել Իրաքի քաղաքներ։
Իրաքը կարող է դառնալ իրանական գազի հիմնական սպառողը։ Օմանը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանն ու Պակիստանը նույնպես կարիք ունեն իրանական գազի ներկրման»,- ասել է նա։
Զամանի-Նիան կոչ է արել օպտիմալացնել գազի սպառումը ներքին շուկայում՝ ընդգծելով, որ դա անհրաժեշտ է Իրանին, որը ցանկանում է վերականգնել իր համաշխարհային կարգավիճակը։
Սրանից առաջ Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Տայեբնիցը հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքները տեսանելի կլինեն արդեն 3-4 ամիս անց։











































