Մարտի 15-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին:
Միջոցառմանը ներկա են եղել դիվանագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպես նաև կանադահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հյուրերին իր ուղերձն է հղել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով խոսեց Արցախյան շարժման կարևորության, դրա պատմական արժեքի և ազգապահպան տեսլականի մասին: Դեսպան Եգանյանն ընդգծեց Ղարաբաղյան շարժման նշանակությունը Արցախի, Հայաստանի և Սփյուռքի ազգային վերելքի համար, խոսեց շարժման ազդեցության մասին Խորհրդային Միության փլուզման վրա:
Այնուհետև «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի տնօրեն Մկրտիչ Մկրտչեանը հանդես է եկել «Վեց տարիներ, որոնք փոխել են Հայոց Աշխարհը» դասախոսությամբ: Բանախոսը նախապատրաստել էր ծավալուն տեսահանդես Արցախյան շարժման ողջ ընթացքի մասին: Նա անդրադարձավ Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտին, Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում հայերի զանգվածային ջարդերին:
Մկրտիչ Մկրտչեանը ներկայացրել է հայ հերոսների կողմից մի շարք բնակավայրերի ազատագրման նպատակով կիրառված փայլուն ռազմավարական հնարքները` նշելով, որ ցեղասպանության սպին կրող ազգի համար Արցախյան հերոսամարտը կարևորագույն հաղթանակ էր` ապագային լավատեսորեն նայելու տեսանկյունից:







































