Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի կիրառել քիմիական զենք, և հերքել է Դամասկոսի բոլոր մեղադրանքները՝ կապված Հալեպում տեղի ունեցած պայթյունի հետ, որի ժամանակ, հավանաբար, կիրառվել է այն:
«Թուրքիան երբեք և ոչ մի դեպքում չի կիրառել քիմիական զենք, մենք նույնիսկ այն չունենք ռեեստրում»,- հայտարարել է վարչապետը Դանիա թռիչքից առաջ՝ Անկարայի օդանավակայանում լրագրողների հետ զրուցելիս:
Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ երեքշաբթի Հալեպ նահանգում քիմիական զենքով հարձակման զոհ է դարձել 25 մարդ, ևս 86-ը վիրավորվել են: Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան Ալ-Զոուբին մեղադրել էր Թուրքիային և Կատարին՝ ասելով, որ այդ երկրները ֆինանսավորում և զինում են Սիրիայի ահաբեկիչներին, հետևաբար պատասխանատվություն են կրում այդ հարձակման համար:
Ավելի վաղ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրել էին կառավարական զորքերին: Վաշինգտոնն իր հերթին հայտարարել էր, որ ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ չկան:
ՄԱԿ-ը նույնպես չի հաստատել սիրիական ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունը՝ հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:









































