Ազգային ժողովն այսօր քննարկում է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ինչպես ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, այս փոփոխությունների արդյունքում ՀՀ-ն տողային բյուջետավորումից անցում կկատարի ծրագրային բյուջետավորման:
Նրա խոսքով՝ եթե ԱԺ-ն նույնիսկ մայիսին ընդունի այս օրինագիծը, ապա կառավարությունը, որն արդեն սկսել է 2014 թ. բյուջեի մշակումը, այն կներկայացնի ծրագրային ձևաչափով:
Պ. Սաֆարյանը նշեց, որ պետք է կրճատել արտաբյուջետային հաշիվները, թեև դրանք 10 տարի առաջվա համեմատ զգալիորեն կրճատվել են: «Ըստ դասակարգման՝ կան 2 տեսակի արտաբյուջետային հաշիվներ՝ օրենքով սահմանված և պայմանավորված միջազգային հարաբերություններով»,- ասաց փոխնախարարը:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ գաղափարը շատ խորքային խնդիր է լուծում, և պետք է դրական տրամադրվել:









































