Այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այն, ինչ ներկայացրել է Սերժ Սարգսյանը, չի համապատասխանում իրականությանը բազմաթիվ կետերով: Այդ պատասխանատվության մի մասը իրենն է, մյուս մասը հնարավոր է՝ իր շրջապատի վախկոտ, իրավախախտ, ընտրություն կեղծող շրջապատի ընտրությունն է:
«Ես այսքանից հետո պատրաստ եմ հանդիպել Սերժ Սարգսյանին, բայց հրապարակավ: Ապրիլի 9-ին, այսպես թե այնպես, լինելու է նոր Հայաստանի երդմնակալությունը»,- ասաց նա:
Ինչ պահանջո՞վ է հացադուլ հայտարարել հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ իր պահանջը հստակ է՝ եթե չլինի համապետական նշանակության լուծում, եթե չլինի իրավական լուծում (արդեն դատարանը իր հակասահմանադրական որոշումը կայացրել է), եթե ինքնաբացարկ չլինի մինչև ապրիլի ինը, ուրեմն ապրիլի 9-ին մենք կորոշենք, թե նոր Հայաստանը ինչ է իրենից ներկայացնում:
Սահմանադրական հանրաքվեի մասին խոսելով՝ «Ժառանգության» առաջնորդը նշեց, որ ըստ իրենց նախընտրական ծրագրի՝ անպայման պետք է ընտրություններից հետո կայացնենք Սահմանադրական հանրաքվե, որով մենք կունենանք խորհրդարանական հանրապետություն՝ ամբողջական համամասնական ընտրակարգով: «Կընտրենք մարզպետների, կձևավորվի Երևանի ընտրովի քաղաքապետի ինստիտուտ, կունենանք անկախ դատախազ»:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սահմանադրական հանրաքվեն անհրաժեշտ է. «Բայց բնավ կարիք չկա ժողովրդի զարթոնքի հետքերով դա ինձ առաջարկել, որ ես մի քանի տարի զբաղվեմ այդ հանրաքվեով ԱԺ այս մեծամասնությամբ:
Այո, կարևոր է, բայց կան հրաշալի իրավաբաններ, օրինակ՝ Վարդան Պողոսյանը, որը կարող է ղեկավարել այդ գործընթացը: Սա որպես հանգուցալուծում առաջարկելը ծաղր է և փշրանք»:









































