Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու չի ձգտում ու դեռ ավելին` այնտեղ Հայաստանին չեն սպասում, դա Հայաստանի արտաքին քաղաքական հեռանկարներից դուրս է: Ինչպես փոխանցում է ArmNews հեռուստաընկերությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, մարտի 18-ին տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Մաքսային միության հարցում նա նկատեց, որ Հայաստանն ադամակցության խնդիր չունի, դեռ ավելին` այնտեղ իրեն չեն սպասում: Միաժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ ապրիլին նախատեսվում է Եվրասիական միության կոլեգիայի ղեկավարի այցելությունը Հայաստան, ում հետ կկնքվի համագործակցության հուշագիր: Իսկ ինչ վերաբերվում է ասոցացման պայմանագրին, ապա այն եզրափակիչ փուլում է` մնացել է վերջին գլուխը բանակցությունների սեղանին ու Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում հուսով են, որ Հայաստանը կկարողանա վերջնականապես այն վավերացնել»,- ArmNews հեռուստաընկերության եթերում այդ մասին նշել է
Նախագահի հետ հանդիպմանը ներկա Արտակ Ալեքսանյանը` հավելելով, որ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, թե Եվրասիական միություն ու Եվրոպական միություն տարանջատումն արհեստական է: «Հայաստանի նպատակն է համատեղել համագործակցությունը միջազգային կառույցների հետ ու նույն քաղաքականությամբ պաշտոնական Երևանը շարունակելու է ընթանալ առաջիկա հինգ տարիների ընթացքում»,- Սերժ Սարգսյանի խոսքերը փոխանցել է Արտակ Ալեքսանյանը:











































