Միջազգային միջնորդների «վեցյակը» Ստամբուլում տեղի ունեցած հանդիպմանը Իրանի համար մշակել է առաջարկների ընդլայնված տարբերակ, որոնք նպատակ ունեն լուծել փակուղի մտած հարցը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, հանդիպմանը արևմտյան դիվանագետները նշել են, որ կցանկանային Ղազախստանում նախատեսվող առաջիկա բանակցություններում իրանական կողմից ստանալ բովանդակալից պատասխան:
«Տեղի ունեցած հանդիպումը հնարավորություն է ընձեռել «վեցյակի» երկրներին և իրանական կողմին քննարկել միմյանց դիրքորոշումները մի շարք տեխնիկական հարցերի շուրջ»,- մեջբերում է գործակալությունը ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մեննի խոսքերը:
Հիշեցնենք, կիրակի և երկուշաբթի Ստամբուլում փորձագետների մակարդակով բանակցություններ էին ընթանում Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև: Կողմերը պայմանավորվել են ապրիլի 5-ին հանդիպել Ղազախստանում՝ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար:
ԱՄՆ-ը, եվրոպական մի շարք երկրներ և Իսրայելը Իրանին կասկածում են միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը հայտարարում է, որ իր ատոմային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակներ:










































