Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվել են քննարկել պակիստանյան դատարանի կայացրած որոշումը, ըստ որի՝ նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը պետք է հանձնվի Պակիստանին: Այս մասին հայտնում է պակիստանյան DawnNews հեռուստաընկերությունը:
Լրագրողների տվյալներով, բրիտանական ԱԳՆ-ում դա հիմնավորել են այն բանով, որ երկու երկրների միջև փոխադարձ համաձայնագիր չի ստորագրվել մեղադրյալների արտահանձնման վերաբերյալ: Ավելի վաղ Իսլամաբադ կատարած այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ասել էր, որ, չնայած այդ համաձայնագրի բացակայությանը, բրիտանական իշխանություններն այդ հարցումը կքննարկեն:
Պակիստանի նախկին նախագահի ձերբակալության սանկցիան 2011 թ. փետրվարի 12-ին տվել է տեղի դատարանը, որը քննում է ահաբեկչության գործերը: Այդ գործի հարուցման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որը Փերվեզ Մուշարաֆը կասկածվում է նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության մեջ, որը մահացել է 2007 թ. դեկտեմբերին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:
Բհուտոյի սպանության ակտիվ քննությունը սկսվել է 2009 թ.՝ ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի մասնակցությամբ: Այդ գործը սկսեց քննվել Մուշարաֆի պաշտոնավարության ավարտից և նրա` Լոնդոն հեռանալուց հետո:
Ինքը` նախկին նախագահը, վերջերս տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ չի վախենում դատարանից և բանտից, սակայն մոտ ժամանակներս Պակիստան վերադառնալու պլաններ չունի: Թե երբ է ցանականում վերադառնալ հայրենիք՝ Մուշարաֆը չի մանրամասնել` ասելով ընդամենը, որ ինքը սպասում է հարմար առիթի:









































