Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի ազդեցիկ սենատոր, Սենատի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Բենջամին Կարդինը դատապարտել է Լեյլա ու Արիֆ Յունուսների նկատմամբ Ադրբեջանում կայացված դատավճիռը։
Ավելի վաղ սենատորը քանիցս քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար, և ոչ վաղ անցյալում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել դադարեցնել մարդու իրավունքների խախտումները, հարգել խոսքի ու մամուլի ազատությունը և վերականգնել «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքները։
Լեյլա ու Արիֆ Յունուսներին 8.5 և 7 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման հետ կապված՝ սենատորը հայտարարել է. «Ես խորապես մտահոգված եմ Լեյլա ու Արիֆ Յունուսների դատավճռի մասին հաղորդումից։ Նրանք երկար տարիներ աշխատել են Ադրբեջանում ժողովրդավարական խաղաղ վերակազմավորումների համար և երկար տարիներ ենթարկվել են իշխանության հալածանքներին։
Մենք դատապարտում ենք բանտային այդ դաժան դատավճիռը, ինչպես նաև ընդգծում ենք նրանց ոգու ուժը, ինչը խթան է ծառայում և ոգևորում է մյուսներին՝ հանդիսանալով օրինակ։ Ես շարունակելու եմ Ադրբեջանում օրենքի գերակայության վերականգնման և Լեյլա ու Արիֆ Յունուսների ազատ արձակման համար պայքարը»։







































