Georgia Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները սննդամթերքի ներմուծման էմբարգոն չեն տարածել Վրաստանի վրա, քանի որ Ռուսաստանի հանդեպ այդ երկրի սահմանած պատժամիջոցներն աննշան են։ Այդ մասին նշված է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքում:
«Ներկա դրությամբ Ռուսաստանի ու Վրաստանի միջև չկան ակտիվ հարաբերություններ ու մեծ ապրանքաշրջանառություն։ Ի տարբերություն մյուս երկրների միջոցառումների՝ Ռուսաստանի հանդեպ Վրաստանի ղեկավարության ընդունած միջոցառումներն աննշան են։
Ուստի որոշում է ընդունվել, որ անհրաժեշտություն չկա այդ երկիրն ընդգրկելու այն երկրների ցուցակում, որոնց արտադրողներին արգելվել է մատակարարել գյուղմթերքի մի շարք տեսակներ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը սննդամթերքի ներմուծման էմբարգոն ընդլայնել է ևս հինգ երկրի նկատմամբ՝ Ալբանիա, Մոնտենեգրո, Իսլանդիա, Լիխտենշտեյն և Ուկրաինա։






































