Արտահանման ֆինանսավորման ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական պետական ընկերություն հիմնադրելու նպատակով կառավարությունն այսօր ԱԺ ուշադրությանը ներկայացրեց «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով՝ հիմնական նպատակն է՝ պետությանը հնարավորություն ընձեռել աջակցել արտահանման գործարքների ապահովագրությանը:
Ստեղծվելիք ընկերությունը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրավասու է իրականացնել միայն արտահանման ֆինանսավորման հետ կապված երաշխիքի տրամադրման և ֆինանսական վնասների ապահովագրություն: Ընկերության ընդհանուր կապիտալի չափը պետք է լինի ՀՀ տարածքում նոր uտեղծվող ապահովագրական ընկերությունների համար uահմանված ընդհանուր կապիտալի չափից ոչ պակաu:
«Մինչև տարվա վերջ ՀՀ-ում առկա կլինեն արտահանման խթանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները»,- վստահեցրեց Տ.Դավթյանը՝ նշելով, որ կապիտալը կլինի պետական, իսկ կառավարումն իրականացնելու է պրոֆեսիոնալ կառավարողը:
Պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչպես են ֆինանսավորման տոկոսադրույքները նվազեցվելու և արտահանողի համար շատ ավելի լավ միջավայր ստեղծվելու, եթե ապահովագրությունը թանկացնում է գործարքը: Տ.Դավթյանը պատասխանեց, թե թանկացում չի լինի, որովհետև ռիսկերը նվազեցվելու են. «Ապահովագրվելու են ռիսկերը՝ վճարման ժամկետների ուշացման և այլ դեպքերում, և դա նպաստելու է տոկոսադրույքի նվազեցմանը»:











































