Սիրիայի արտաքին ընդդիմության ներկայացուցիչները, որոնք միավորվել են Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի մեջ, Ստամբուլում երկօրյա հանդիպման ժամանակ կընտրեն «անցումային կառավարություն»: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, վարչապետի պաշտոնի համար ներկայացված է 12 թեկնածու: Նրանցից 10-ի անունները հրապարակվել են, ևս երկու թեկնածուների անունները չեն հրապարակվում անվտանգության նկատառումներով, քանի որ նրանք գտնվում են իշխանական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում:
Ըստ հեռուստաալիքի՝ «անցումային կառավարությունը» գլխավորելու առավել մեծ հնարավորություններ ունեն նախկին գյուղատնտեսության նախարար Ասադ Մուստաֆան, ընդդիմության տնտեսական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ուսամա Կադին, ինչպես նաև Ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Հասան Խիտոն:
Ստամբուլում կայանալիք հանդիպմանը, ըստ թուրքական ԶԼՄ-ների, կմասնակցի Սիրիայի ընդդիմության 72 ներկայացուցիչ: «Անցումային կառավարության» թեկնածուի քվեարկությունը, սպասվում է, տեղի կունենա երեքշաբթի: Մի շարք վերլուծաբանների տվյալներով՝ «անցումային կառավարության» ձևավորումը կարող է խորացնել Սիրիայի ճգնաժամը, քանի որ այդկերպ ընդդիմությունն ամբողջությամբ փակում է Բաշար Ալ-Ասադի վարչակարգի հետ երկխոսության դռները:










































