Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում, որն ուղեկցվել է ցուցարարների և իրավապահների ու երկրի նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքի կողմնակիցների միջև բախումներով, խլել է 846 մարդու կյանք, ավելի քան 6 հազար մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Հայտնի է նաև, որ ոստիկանների շրջանում կորուստները կազմել են 26 մարդ, չնայած Մուբարաքի վարչակազմը հաղորդում էր հարյուրավոր ոստիկանների մահվան մասին:
Այս թվերը ներկայացրել է հատուկ կառավարական հանձնաժողովը, որը ստեղծվել է հունվարի վերջի և փետրվարի սկզբի դեպքերին գնահատական տալու համար: Հանձնաժողովը որոշում է կայացրել, որ ոստիկանության կողմից օգտագործված ուժը եղել է «չափից ավելի»: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Փաստերի վերհանման առաքելություն» անվանումը կրող այս հանձնաժողովը եկել է եզրակացության, որ ոստիկանությունը կոպտորեն խախտել է խաղաղ ցույցեր անցկացնելու մարդկանց իրավունքը: Հանձնաժողովը հատուկ շեշտել է այն փաստը, որ,նախատեսված ջրցան մեքենաներից և մահակներից բացի, ոստիկանությունը կիրառել է նաև հրազեն, ինչը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:
Զեկույցի մեջ նշվում է, որ համաձայն ոստիկաններից մեկի ցուցմունքների` ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար զենք կիրառելու հրաման էր ստացել: Փաստեր կան նաև, որ Թահրիր հրապարակին հարակից շենքերի տանիքներում տեղակայվել են դիպուկահարներ: