Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ այդ երկրի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցների վերջնական վերացումը զգալի ազդեցություն կունենա նավթի համաշխարհային շուկայի վրա և կհանգեցնի նրան, որ «սև ոսկու» գինը 2016 թվականին մեկ բարելի համար 10 դոլարով կնվազի։
Նման կանխատեսմամբ են հանդես եկել Համաշխարհային բանկի փորձագետները։ Համաշխարհային բանկի տարածած հայտարարության մեջ նշված է, որ Իրանի ամբողջական վերադարձը համաշխարհային շուկա վերջին հաշվով օրական կհավելի մոտ մեկ միլիոն բարել՝ մեկ բարելի համար նավթի գինը նվազեցնելով 10 դոլարով։
Բացի այդ, Համաշխարհային բանկի փորձագետները նաև կանխատեսել են, որ Իրանի ՀՆԱ-ի աճը հաջորդ տարի կկազմի 5 տոկոս։ 2015 թվականի համար ակնկալվում է 3 տոկոսանոց աճ։










































