Միլիարդատեր Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ընկերությունը 32 միլիարդ դոլարով կգնի Precision Castparts կորպորացիան, որն արտադրում է մետաղակոնստրուկցիաներ աերոկոսմիկական և պաշտպանական արդյունաբերության համար: Այդ գործարքը կդառնա ընկերության պատմության մեջ խոշորագույնը, հայտնում է The Wall Street Journal-ը:
Հաշվի առնելով կորպորացիայի պարտքը՝ գործարքը գնահատվում է 37,2 միլիարդ դոլար: Berkshire Hathaway-ը արդեն տնօրինում է Precision Castparts-ի 3 տոկոսին: Սպասվում է, որ գործարքը կփակվի 2016 թվականի առաջին եռամսյակին, իսկ կորպորացիան կպահպանի իր անունը:
Berkshire Hathaway-ը աշխարհում չորրորդ տեղն է գրավում շուկայական կապիտալիզացիայով, որը կազմում է 363 միլիարդ դոլար: Ընկերությունը ներդրումներ է անում ապահովագրական բիզնեսում, երկաթուղային տրանսպորտում, կոմունալ ձեռնարկություններում, արդյունաբերական արտադրությունում և այլն:











































