Մարտի 15-ի հանրահավաքի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը զգալի որոշակիություն մտցրեց իր հետընտրական գործողություններում` ուրվագծելով գործողությունների որոշակի առանցք, որն ուղեկցելու է իր հացադուլին: Այդ տեսանկյունից, մարտի 15-ի հանրահավաքը կարելի է որակել մինչ այժմ կայացած հանրահավաքներից ամենագործնականը, առնվազն արտաքին ատրիբուտների կամ տվյալ դեպքում հռչակումների մակարդակով:
Միգուցե նախկին հանրահավաքները եղել են ավելին, բայց ավելին չի երևացել և հասարակության մի ստվար մաս հանրահավաքներից հեռանում էր անորոշության մեջ: Մարտի 15-ի մեսիջները որոշակի էին՝ հացադուլի ինքնազոհողության ակտին զուգահեռ, որով Րաֆֆի Հովհաննիսյանը փաստորեն ցեմենտել է որոշակի արժեքներ և թիրախներ ու ապահովագրել էական շեղումներից, հասարակությունը ստացավ հստակ մեսիջներ: Իսկ դա շատ կարևոր է, որովհետև միգուցե խորքային, փիլիսոփայական, նաև մարտավարական իմաստով կլինեն անգամ մաթեմատիկական ճշգրտության ակցիաներ և գործողություններ, սակայն եթե դրանք զուգահեռաբար պարզ ու մատչելի մեսիջների նվազագույն տոկոս չեն պարունակում հասարակության համար, կարող է առաջանալ որոշակի խզում, ինչը էապես կթուլացնի ժողովրդականության պոտենցիալը հետընտրական շարժման ալիքում:
Այդ տեսանկյունից, պետք է արձանագրել, որ Հովհաննիսյանը այդ պարզությունը բերեց ճիշտ ժամանակին, որովհետև հաջորդ հանրահավաքն այլևս կարող էր ուշ լինել: Րաֆֆի Հովհաննիսյանը սկսում է զուգահեռ իշխանության կառուցումը և դրա համար սկսում է քաղաքացիական խորհրդակցությունների շարք: Միևնույն ժամանակ, ստեղծվել է «Բարև» հիմնադրամ, որով քաղաքացիները կարող են իրենց ֆինանսական օժանդակությունը հայտնել ժողովրդական շարժմանը: Դա էլ, ըստ էության, կարելի է համարել այլընտրանքային կամ զուգահեռ կառավարության յուրօրինակ բյուջե, որը հնարավորություն կտա ծավալել բավական հանրօգուտ գործունեություն՝ բուն կազմակերպական կարիքները հոգալուց բացի, ու նաև ըստ էության կարող է հանդիսանալ շարժման յուրօրինակ ինդիկատոր՝ հանրային վստահելիության տեսանկյունից:
Մյուս կարևոր մեսիջներից մեկն այն էր, որ շարժումը, փաստորեն, մասնակցելու է Երևանի ավագանու ընտրությանը: Ցուցակը Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է հանրային քննարկման ներկայացնել հաջորդ հանրահավաքի ընթացքում: Այստեղ առավել հետաքրքրականը ոչ թե ցուցակն է, այլ շեշտադրումները, ինչով որ Հովհաննիսյանն ու շարժումը պետք է մասնակցեն ավագանու ընտրություններին: Ինչպես հայտնի է, այդ ընտրություններին մասնակցելու են նաև այլ ընդդիմադիր կամ այդպիսին ներկայացող ուժեր: Մասնակցելու է ՀԱԿ-ը, մասնակցելու է ԲՀԿ-ն: Նրանք գնալու են իրենց առանձին ցուցակներով, սակայն չի բացառվում, որ առանձին ցուցակների պարագայում, այնուամենայնիվ, ձևավորվի որևէ միասնական կազմակերպչական ֆորմատ: Համենայնդեպս, ՀԱԿ-ն արդեն իսկ հայտնել է նման ցանկություն և այդ ֆորմատին մասնակցելու պատրաստակամություն:
Այստեղ հետաքրքրական է դառնում այն, թե այս ուժերի հանդեպ ինչ դիրքորոշում է որդեգրելու Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը կամ քաղաքացիական շարժումը, որի մի մասնիկն է իրեն համարում նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե այստեղ հայտարարվում է, որ սա ժողովրդական շարժումն է, և այստեղ է ժողովուրդը, ապա բնականաբար սրանից դուրս մասնակցությունն ինքնաբերաբար դառնում է ժողովրդին դեմ կամ նվազագույնը՝ ոչ ժողովրդական: Ահա այս տեսանկյունից է հետաքրքրական, թե ինչ շեշտադրմամբ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա շուրջ ձևավորված հանրույթը կգնա Երևանի ավագանու ընտրություններին: Սրանով պայմանավորված կլինի նաև, թե քանի ճակատով է Հովհաննիսյանը մասնակցելու ընտրություններին, արդյո՞ք ՀՀԿ-ից բացի, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն էլ կդառնան նրա մրցակիցները: Մյուս կողմից` ուզեն, թե ոչ, նրանք արդեն իսկ մրցակիցներ են, որովհետև բնականաբար պետք է քարոզարշավ իրականացնեն, բնականաբար պետք է ձայներ խլեն միմյանցից, քանի որ կասկած չկա, որ երեքն էլ հանդես են գալու ընդդիմադիր դիրքերից: Առավելությունն այստեղ ակնհայտորեն Րաֆֆի Հովհաննիսյանի կողմն է, բայց եթե նրան հաջողվում է Երևանի ավագանու ընտրությունը տեղավորել կամ պահել նախագահական ընտրությունների հետընտրական պայքարի տրամաբանության մեջ:
Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կարողանա համոզիչ կերպով փաստարկել, որ Երևանի ավագանու ընտրությունները պայքարի մի մաս են, ոչ թե հերթական փորձ ընտրությունների տեսքով: Եթե նա կարողանա համոզիչ լինել պայքարի մի մասի հարցում, ապա մյուս ուժերի համար դժվար կլինի բացատրել, թե ինչու չեն միացել այդ պայքարին, այլ գնացել են առանձին մասնակցության ճանապարհով:
Այս իրավիճակում նաև առաջանում է մեկ այլ հարց, որն ամենայն հավանականությամբ առաջիկայում կդառնա հետընտրական օրակարգի առանցքային կետերից՝ ի՞նչ են անում, քաղաքացիական շարժման հանդեպ ի՞նչ մոտեցումներ և գործընկերային ի՞նչ որակներ են առաջարկում մյուս քաղաքական ուժերը, որոնք կամ դեռ չեն արտահայտվել ստեղծված իրավիճակի կապակցությամբ, կամ արտահայտվել են ոչ ամբողջական և ավելի շատ որդեգրել են սպասողական կեցվածք:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































