Շատերի համար Ferrari-ի սուպերմեքենա ունենալը մնում է ողջ կյանքի նվիրական երազանքը: Այդ ապրանքանիշի անվանումը դարձել է թանկարժեք, արագընթաց, գեղեցիկ մեքենայի հոմանիշ: Սակայն, ինչպես պարզվել է, Ferrari-ի շատ տերեր այդպես էլ չեն ստացել այն, ինչի մասին երազել են՝ գնելով սուպերմեքենան: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Բրիտանական AXA Group ավտոապահովագրողի կողմից անցկացված հարցումները պարզել են, որ BMW-ն կամ Aston Martin-ն ավելի մեծ հաճույք են պատճառում վարորդներին: Հարցումներն անցկացվել են բրիտանացի 2000 վարորդների շրջանում: Նրանց տրվել են տարբեր չափորոշիչների վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ մեքենայի ղեկին հաճույք ստանալու մասին: Արդյունքները ցնցող են:
Հարցվածների շարքում «ամենաերջանիկներն» են BMW-ի վարորդները (82%), այնուհետև՝ Aston Martin-ի և Lexus-ի վարորդները (78-ական տոկոս): Հաջորդում են իսպանական Seat-ի (76%), ֆրանսիական Peugeot-ի (75%) և բրիտանական MINI-ի (73%) վարորդները:
Իսկ ահա Ferrari-ի տերերի շարքում ավտոմեքենան վարելիս հաճույք ստացողները կազմում են 57 տոկոս: Սպասարկման թանկ գինն ու մշտական խցանումները փչացնում են կյանքի տոնը: Վարորդները չեն կարողանում օգտագործել սուպերմեքենայի ողջ պոտենցիալը: Ինչպես հաղորդվում է՝ դանդաղընթաց մեքենան արագ վարելն ավելի հաճելի է, քան արագընթաց մեքենան դանդաղ վարելը:










































