Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դուրս է գրվել Միլանի «Սան Ռաֆայել» հիվանդանոցից, որտեղ մեկ շաբաթ է անցկացրել՝ «սուր կոնյուկտիվիտ» (շաղկապենաբորբ) ախտորոշմամբ: Հիվանդասենյակում Բեռլուսկոնիի շուրջն էին հավաքվել նրա զինակիցները՝ «Ազատության ժողովուրդ» կուսակցության խմբակցության խորհրդարանական ռազմավարությունը մշակելու համար: Հանգստյան օրերը քաղաքական գործիչը կանցկացնի Արբորեի իր վիլլայում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Բեռլուսկոնին չի մասնակցի նորընտիր խորհրդարանի նիստին, թեև փետրվարին անցկացված արտահերթ ընտրություններում նա ընտրվել է հանրապետության Սենատի նոր կազմում:
Միևնույն ժամանակ անչափահաս մարմնավաճառի ծառայություններից օգտվելու մեղադրանքով Բեռլուսկոնիի դեմ դատավճռի կայացումը հետաձգվում է:
Այդ գործով զբաղվող դատավորները արդեն երեք անգամ հատուկ անկախ բժշկական հանձնաժողով են ուղարկել, որը հաստատել է, որ Բեռլուսկոնիի առողջական վիճակը նրան թույլ չի տալիս հայտնվել դատարանում: Դատական հաջորդ նիստերը կկայանան մարտի 18-ին, 20-ին, 21-ին և 25-ին:









































