Մարտի 15-ին կայացել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը հասարակական կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների ղեկավարների հետ: Նախարարը ողջունել է հանդիպման մասնակից կառույցների ներկայացուցիչներին և կարևորեց ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերում նրանց ներգրավվածությունը: Հանդիպման ընթացքում հասարակական, համահայկական և հոգևոր կառույցներին ներկայացվեց վերջին շրջանում Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով հայկական համայնքում տիրող իրավիճակը, Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ տարված աշխատանքները: Հ. Հակոբյանը շնորհակալություն է հայտնել սիրիահայերի հիմնախնդիրների լուծման գործում մեծ ներդրում ունեցած հասարակական կազմակերպություններին: Այս գործում անգնահատելի դերակատարում ունեն «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն, «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ՀԲԸՄ-ն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները, Հայ օգնության միությունը, տեղական և միջազգային այլ կառույցներ:
ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ: Հանձնաժողովի քարտուղար Լ. Ստեփանյանը մասնակիցներին ներկայացրել է պետության և հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացված աշխատանքները: Ներկայացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի, կացության կարգավիճակի, վարորդական իրավունքի տրամադրման ընթացակարգի հեշտացման, կրթական, առողջապահական խնդիրների լուծման նպատակով կատարված օրենսդրական փոփոխությունները: Ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրերը: Գործարար ոլորտում կարևորվել է ՓՄՁ ԶԱԿ-ի ցուցաբերած աջակցությունը սիրիահայերին, բիզնես-ծրագրերի վարկավորմամբ:
Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար այժմ առաջնահերթ լուծում պահանջող կարևորագույն խնդիրները շարունակում են մնալ կեցության և աշխատանքով ապահովելու հարցերը: Հ. Հակոբյանը նշեց, որ մշակման փուլում է սիրիահայերին երևանամերձ բնակավայրերում բնակարանաշինության հնարավորություն ընձեռելու ծրագիրը: Իսկ Սիրիայում ծանր կացության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ՀՀ նախագահի հանձնարարությամբ առաջիկա ամիսներին կտրամադրվի ամսական 100 հազար ԱՄՆ դոլարի օգնություն:
Հանդիպման մասնակիցներին ներկայացվել է Արման Սաղաթելյանի՝ «Արաբական գարնան սիրիական աշունը» հեղինակային ֆիլմը: Հեղինակը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը: Ֆիլմը պատմում է պատերազմի թեժ օրերին Հալեպի «Նոր գյուղ» (Մեյդան) թաղամասում բնակվող հայ համայնքի ծանր վիճակի մասին:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել ակտիվ քննարկում, կարծիքների փոխանակում: Կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակել և ակտիվացնել համագործակցությունը, ինչպես սիրիահայերի աջակցության, այնպես էլ հայապահպանական նշանակության հարցերի լուծման ուղղությամբ, եղել են սիրիահայերին աջակցելու կոնկրետ առաջարկներ:









































