Արա Աբրահամյանի գլխավորած «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական միավորումների միջազգային միությունը մարտի 11-ին գրանցվել է Հայաստանում որպես իրավաբանական անձանց միջազգային միություն։ Դրանով իսկ կատարվել է անցած տարվա հոկտեմբերին Երևանում կայացած Համաշխարհային հայկական կոնգրեսի 2-րդ համագումարի որոշումը։
«Նորանկախ Հայաստանի պատմության վերջին տասնամյակը նշանավորվեց Հայաստան – Սփյուռք հարաբերությունների ինտենսիվ զարգացմամբ և խորացմամբ: Հատկապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում Սփյուռքի նախարարության ստեղծմամբ Հայաստան – Սփյուռք կապերը դարձել են ավելի ինստիտուցիոնալ, հարաբերությունները ձեռք են բերել առավել նպատակային և դինամիկ բնույթ:
Հայրենիքն այլևս աշխարհասփյուռ հայության համախմբման հիմնական աշխարհագրական, քաղաքական ու հոգևոր առանցքն է: Այս առումով վաղուց էր հասունացել Համաշխարհային հայկական կոնգրեսի գործունեության կենտրոնացումը Հայաստանում, համապատասխան կառույցի և ենթակառուցվածքի ստեղծմամբ նպատակային և արդյունավետ համագործակցությունը ինչպես պետական կառույցների, այնպես էլ սփյուռքյան կազմակերպությունների (հայաստանյան գրասենյակների) հետ, որոնց թիվը երկրում տարեցտարի ավելանում է»:
«Մեր առաջնահերթ ծրագրային ուղղությունը եղել և լինելու է հայ ազգային ինքնության պահպանումը և զարգացումը, Սփյուռքի կազմակերպությունների, համայնքային կառույցների հետ համատեղ, նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը, որոնք ուղղված են հայության համախմբմանը, համազգային խնդիրների լուծման գործում միաժամանակյա ակցիաների կազմակերպումը և համակարգված լոբբինգը, կրթական, մշակութային, գիտական, տնտեսական, նորարարական-ներդրումային ծրագրերը, որոնք համաձայնեցված կլինեն Հայաստանի պետական կառույցների հետ», – ասված է հաղորդագրությունում։








































