Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին «Դեպի նոր տնտեսական հեռանկարներ Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին միջտարածաշրջանային համաժողովի արդյունքները:
Ա. Գևորգյանը նշեց, որ համաժողովը հաջողված էր` նախևառաջ նրա ներկայացուցչականության շնորհիվ: Ռուսաստանից ժամանել էին մոտ 50 պատվիրակներ, որոնք ներկայացնում են ՌԴ մոտ 20 տարածաշրջանները: Վ. Բասարգինն էլ նշեց, որ իր կարծիքով, ֆորումը հաջողությամբ կշարունակի իր աշխատանքները նաև հաջորդ տարիներին: Նրա խոսքով, այս տարվա ֆորումը հիմնականում նվիրված էր ենթակառուցվածքների զարգացմանը: