Չինաստանի քարտեզագրության և երկրատեղեկատվության վարչությունը հետաքննություն է անցկացնում ամերիկյան Coca-Cola ընկերության դեմ, որը կասկածվում է անօրինական գեոդեզիական նկարահանում իրականացնելու մեջ՝ հաղորդում է Xinhuanet գործակալությունը:
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ Չինաստանի Յուննան մարզի Coca-Cola-ի մասնաճյուղը կասկածվում է երկրաբանական տեղեկատվությունն ապօրինի հավաքելու և օգտագործելու մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ մարզային իշխանությունները Coca-Cola-ին մեղադրում են GPS համակարգը ոչ պատշաճ կերպով օգտագործելու մեջ: Մեղադրանքների համաձայն, որոնք ընկերությունը շտապել է հերքել, Coca-Cola-ն մարզի հարավ-արևմուտքում երկրաբանական տեղեկատվություն է հավաքում:
Գործակալության հաղորդագրության համաձայն՝ Յուննանի բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են այս տվյալները:
«Մենք չենք տարածել նման տեղեկատվություն և չգիտենք, թե ինչու է այն հայտնվել մամուլում»,- տեղի ներկայացուցիչ Խան Ցիսյանի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Coca-Cola ընկերությունը հաղորդել է, որ պատրաստ է համագործակցել՝ այս իրավիճակի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Չինաստանում գործող օրենքների համաձայն՝ արտասահմանյան ընկերությունները և անհատ անձինք իրավունք չունեն գեոդեզիական հետախուզություն անցկացնել՝ առանց համապատասխան թույլտվության:











































