Նախընտրական լարվածությունից հետո հիմա հնարավոր է տնտեսությունը զարգացնել: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, այս տարի հնարավոր է 11-12% տնտեսական աճ, իսկ ռեսուրսները ճիշտ օգտագործելու դեպքում ՀՀ-ն կարող է լինել առաջինը ԱՊՀ տարածքում:
Մանասերյանը կանխատեսում է գյուղատնտեսության աճ: Ըստ նրա՝ շինարարության ոլորտում մեծ աշխուժացում չի կարող լինել: Տնտեսագետը կարծում է, որ բացի հանքարդյունաբերությունից, անհրաժեշտ է զարգացնել արդյունաբերության այլ ճյուղեր, նաև ցանկալի է ավելի մեծ չափով կրճատել ստվերը, խոշոր բիզնեսի ոլորտում կարգավորել փաստաթղթաշրջանառությունը: Ըստ նրա՝ Սիրիայից ՀՀ ներհոսքի արդյունքում անշարժ գույքի գների բավականին աճ էր ակնկալվում, որը տեղի չունեցավ սպասվածի չափով:
«Հայաստանը ոչ միայն օրինաչափություններով է զարգանում, այլև պարադոքսներով»,- ասաց Մանասերյանը:
Օտարերկրյա ուղղակի ներդրումների անկումը Մանասերյանն անվանեց «անցանկալի և աննախադեպ», սակայն միաժամանակ նկատեց, թե դրսից եկող երկու կարևոր վտանգ կա՝ օտարերկրյա ներդրումներից կախվածությունը պետք է վերացնել, առավել ևս՝ սահմանափակ աղբյուրներից, և թույլ չտալ, որ դրանք կրեն քաղաքական բնույթ, պետք է ներքին աղբյուրները ակտիվացնել:
«Այժմ այն երկրները, որ նախընտրում են բիզնես անել, նախընտրում են ոչ այնքան ՀՀ-ն, որքան ասիական երկրները»,- ասաց Մանասերյանը:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ որքա՞ն է Մանասերյանը գնահատում ՀՀ-ից ֆինանսական արտահոսքը, բանախոսը պատասխանեց. «Իհարկե, ամբողջովին արտահոսքը կանխել պետք չէ, պետք է լինի արտահոսք և ներհոսք, բայց առկա չափը մտահոգիչ է»: Տարեկան 2-3 մլրդ դոլարի արտահոսք է լինում, հիմնականում՝ ՌԴ և Վրաստան: Նրա խոսքով՝ մի կողմից թույլ են տալիս, որ արտահոսք լինի, մյուս կողմից՝ միջազգային կառույցներից են գումար վերցնում ու տոկոսներ վճարում: Մանասերյանը նշեց, որ 2012 և 2011թթ.-ներին ֆինանսական արտահոսքի որոշ կրճատում է եղել, ամենամեծ արտահոսքը եղել է 2009-ին:
Հարցին՝ Մանասերյանը տեսնո՞ւմ է վարչապետի փոփոխության կարիք, տնտեսագետը պատասխանեց. «Ինձնից ոչինչ կախված չէ, բայց եթե ինձ հարցնեն, կադրային լուրջ փոփոխություն է պետք»:






































