Ռումինիայի կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի նախարար Դանիել Ֆուներիուի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 20-22 պաշտոնական այցով կգտնվի Ռումինիայում:
Այցի ընթացքում նախարարը պաշտոնական հանդիպում կունենա Ռումինիայի կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի նախարար Դանիել Ֆուներիուի, Գիտական հետազոտությունների ազգային մարմնի նախագահ Դրագոշ Չուպարուի հետ: Կստորագրվի «Գիտական և տեխնոլոգիական համագործակցության համաձայնագիր»:
Նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Բուխարեստի համալսարան և հանդիպում կունենա ռեկտոր Ֆլորիան Պոպայի հետ, ինչպես նաև Բուխարեստի Կարոլ Դավիլա բժշկական եւ դեղագործական համալսարանում կհանդիպի ռեկտոր Իոան Պընզարուի հետ: Նախատեսված է նաև այցելություն Ռումինիայի Խորհրդարան և հանդիպում Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ:
Այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև վարդապետ Հակոբյանի եւ Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի, Բուխարեստի միօրյա դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների, Ռումինիայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ, ինչպես նաև կայցելի Հայոց թանգարան, Մշակույթի տուն, Արարատ եւ Նոր Կյանք պարբերականներ, Արարատ հրատարակչություն:









































