«Մարս» գործարանի տարածքում ազատ տնտեսական գոտու բացումը նախատեսվում է առաջիկա 1 ամսում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց «Սիտրոնիկս Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ ենթակառուցվածքների նախապատրաստական աշխատանքներն այս պահին կատարվել են մոտ 90%-ով:
Հիշեցնենք, որ «Մարսի» տարածքում ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքների ստեղծման համար ՀՀ կառավարությունն անցած տարվա ապրիլին պայմանագիր էր կնքել «Սիտրոնիկս Արմենիա» ընկերության հետ, և նախապատրաստական աշխատանքների համար վերջնաժամկետ սահմանվել էր 2012 թ. հոկտեմբերը: Սակայն մինչ օրս «Մարսը» դեռ պատրաստ չէ ընդունել գործարարներին:
Ա. Խաչատրյանը տեղեկացրեց, որ այժմ մոտ 10 ռեզիդենտների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ազատ գոտու տարածքում արտադրություն հիմնելու վերաբերյալ, սակայն հրաժարվեց առայժմ հրապարակել նրանց անունները: Ա. Խաչատրյանը միայն հավելեց, որ 10-ն էլ հիմնականում դրսի կազմակերպություններ են:
Նշենք, որ «ՌԱՕ ՄԱՐՍ»-ի տարածքում ձևավորվելիք ազատ տնտեսական գոտին մասնագիտացած է լինելու արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական` էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտներում:










































