Մարտի 12-ին Իտալիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իտալիայի դիվանագիտական արարողակարգի ղեկավար դեսպան Ստեֆանո Ռոնկային` համաձայն Իտալիայի արարողակարգի:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-իտալական պատմական առնչություններին, Իտալիայի հետ Հայաստանի ավանդական ջերմ և բարեկամական հարաբերություններին` ընդգծելով դրանց ընդլայնման և ամրապնդման կարևորությունը բոլոր ոլորտներում:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քննարկվել է նաև միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները: Այս կապակցությամբ դեսպան Ղազարյանն ընդգծել է Հայաստանում ընթացող բարեփոխումների կարևորությունը և Հայաստանի` համաեվրոպական արժեհամակարգին պատկանելիության նշանակությունը:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, ինչի կապակցությամբ դեսպանը շեշտեց, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում համագործակցության, կայունության և անվտանգության գերակայության հարցում:
Պրն.Ռոնկայի խնդրանքով դեսպան Ղազարյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումը` ընդգծելով, որ Հայաստանը ջատագով է խնդրի խաղաղ կարգավորմանը և որ ՀՀ դիրքորոշումը լիովին համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը:







































